Ալեքսիս Օհանյանը «Reddit»-ի իր պաշտոնը կզիջի աֆրոամերիկացու

Ամերիկյան «Reddit» սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը որոշել է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով աֆրոամերիկացու։
«Ես սա անում եմ ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։ Որպես հայր, որը պետք է պատասխանի իր դստեր այն հարցին, թե ես ինչ եմ արել»,– ասել է Օհանյանը ինստագրամում հրապարակված տեսանյութում:
Նա կհետևի, որ իր փոխարեն սևամորթ թեկնածու վերցնեն, իսկ «Reddit»-ի հետագա եկամուտները կփոխանցի ռասայական ատելության դեմ պայքարին:
«Ես կարծում եմ, որ հրաժարականը կարող է փաստացի լիդերության ակտ լինել հենց հիմա իշխանության մեջ գտնվող մարդկանց կողմից։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են մեր կոտրված ազգը ոտքի կանգնեցնելու համար՝ կանգ չառնե՛ք»,- ասել է Օհանյանը։
34-ամյա գործարարը հավելել է, որ իր որոշումն արտացոլում է «Reddit»-ի ապագայի հանդեպ վստահությունը և իր մասնագիտական էներգիան առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտ (բլոկչեյն) ուղղելու ցանկությունը: Նա կաշխատի «Initialized Capital» վենչուրային ընկերությունում։
«Առանց թույլտվության» գրքի հեղինակ Ալեքսիս Օհանյանի կինը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, սոցիալական ցանցերում կիսվել է ամուսնու տեսանյութով:
«Ես այնքան հպարտ եմ քո նվիրվածությամբ»,- գրել է նա Twitter-ում։
Հիշեցնենք` ամերիկյան Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու  և նրա մահվան աղմկահարույց դեպքից հետո:
Բողոքի ցույցերը, որոնց նշանաբանը դարձել է Ֆլոյդի վերջին խոսքը՝ չեմ կարողանում շնչել, ընդգրկել են Ամերիկայի այլ քաղաքներ ևս։
Մի շարք ընկերություններ սևամորթ բնակչությանը սատարելու ակցիաներ են նախաձեռնել։

Facebook
Twitter
Telegram
Print
Email