Այդ ուրախ և տխուր մարդը. 5 ֆիլմ Ֆրունզիկի մասնակցությամբ՝ 90-ամյակի առթիվ

…Նա բարձրացավ վեր, վեր և այլևս չվերադարձավ` իր հետ տանելով «ուրախ և տխուր մարդու գեղեցիկ լեգենդը»… նա հեռացավ մեր կյանքից և մեզ թվում է, որ նա շարունակում է ապրել մեզ հետ, մեր կողքին… այսօր լրանում է ամենատաղանդավոր և անփոխարինելի Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը: 

Այսօր՝ հուլիսի 4-ին, հայ կինոյի ու թատրոնի ամենախարիզմատիկ, բայց և դժվար ճակատագիր ունեցած դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 90-րդ ամյակն է:
Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր՝ ասում էր Ֆրունզիկը, որին շատ քիչ լուրջ դերեր բաժին ընկան: Նա եկավ թատրոն, երբ դեռ փոքրիկ տղա էր, իսկ դրսում  երկրորդ համաշխարհային պատերազմը: Հայրը՝ ծագումով մշեցի Մուշեղը դեմ էր որդու դերասանական կարիերային, սակայն մեկ անգամ ներկա գտնվեց որդու մասնակցությամբ ներկայացմանըև հպարտացավ նրանով միչև կյանքի վերջ: Դերասանի բախտը չբերեց անձնական կյանքում. նրա  կյանքի կանայք դրաձան Քնարան, ապա ՝ Դոնարան, որն էլ Մհերին պարգևեց երկու երեխա: Դուստրը՝ Նունեն, զոհվեց Արգենտինայում ավտովթարի ժամանակ, իսկ որդին՝ Վազգենը, տառապում էր մորից ժառանգած հոգեկական հիվանդությամբ: Ֆրունզի երրորդ կինը, որը նրա կողքին էր կյանքի վերջին տարիներին դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն էր՝  արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը:

1945-1947 թթ Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիան ավարտելուց հետոՄհեր Մկրտչյանն ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում խաղալով տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։
1951-1956 թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։
1956 թ. տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:
1959 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն՝ «Նվագախմբի տղաները», Գասպար՝«Եռանկյունի», Իշխան՝«Մենք ենք, մեր սարերը», Հայրիկ՝«Հայրիկ», Ամիրո՝«Նահապետ», Գրիգոր աղա «Կտոր մը երկինք», Իսայի՝ «Խաթաբալա» դերերում։
Մհեր Մկրտչյանը, եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը ՝«Հին օրերի երգը», ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով:
YerevanEvents-ն առանձնացրել է հանճարեղ դերասանի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից միայն հինգը.

«01-99», 1959թ.,
«Հայֆիլմ»,
Ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջ, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։ Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում ասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վթարի են ենթարկել և դա էլ մեքենայի պետհամարանիշն է և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։ Այս շփոթմունքից էլ սկսում են ծավալվել ֆիլմի իրադարձությունները:

«Նվագախմբի տղաները», 1960թ. «ՀայՖիլմ»,
Ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, Հենրիկ Մարգարյան
Միքայել Շաթիրյանի «Երբ է գալիս գարունը» վեպի հիման վրա

Խորհրդային կարգերի հաստատման նախօրեին բոլշևիկ Ցոլակ Դարբինյանը հեղափոխական գործունեություն է ծավալում դաշնակցական բանակի նվագախմբում և, իր գաղափարներով տոգորելով նվագախմբի տղաներին, նրանց հետ դիմավորում Կարմիր բանակի մուտքը Երևան։

«Տերն ու ծառան», 1962թ., 
«ՀայՖիլմ»
Ռեժիսոր՝ Դմիտրի Կեսայանց
Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված սև-սպիտակ ֆիլմ

Երբ Մաթոսն անխղճորեն աշխատեցնում ու առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, վերջինիս եղբայրը՝ Սիմոնը, ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ Սիմոնը կարողանում է բարկացնել տիրոջն ու շահել գրազը:

«Կտոր մը երկինք», 1980թ., «ՀայՖիլմ»,
Ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան

Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա։

Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։ Ֆրունզիկը՝ Թորիկի մորաքրոջ արհեստավոր ամուսինը համաձայնում է խնամել որբին:
Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Իսկ Գրիգոր աղան խոստմանը հավատարիմ՝ մահանում է հենց այն օրը, երբ Թորիկը սերտում է փալանչիությունը…

«Խոշոր շահում», 1981թ.,
«ՀայՖիլմ»,

Ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան
Կատակերգություն Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ
Թոշակառու, նախկինում կռունկավար, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը պատահաբար վիճակախաղով մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը։ 30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի «Զապորոժեց» էր, սակայն, ուրախություն չի բերում թոշակառու վարպետին։ Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսվում են դժվարություններ։ Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց՝ մարդկանց կամ բեռներ տեղափոխելով …

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Facebook
Twitter
Telegram
Print
Email