Հունիսի 15-ը ՀՀ ազգային եռագույնի տոնն է

14 տարի առաջ՝ 2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, ըստ որի հունիսի 15-ը համարվեց նաև ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի եռագույն դրոշը, զինանշանի և օրհներգի հետ, համարվում է ՀՀ պետական խորհրդանիշ:
«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։
Պատմությունը հուշում է, որ այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ 
Հին ժամանակներում, բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։ Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ Քրիստոնեության ընդունման հետ, հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ։ Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։
Երկար տարիներ Հայաստանում անգամ արգելված է եղել մտածել պետական դրոշ ունենալու մասին, սակայն անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանի առաջին հանրապետությունը ընդունեց ներկայիս հայկական եռագույնը։
Սիմոն Վրացյանը վկայել է. «Դրոշակի ձևի և գոյնի շուրջ եղան բաւական երկար խորհրդակցութիւններ. ի նկատի առնուեցին հայոց պատմական դրօշակները, լսուեց հայկաբան Ստ. Մալխասեանցի հիմնաւորուած զեկուցումը հայկական դրօշակի մասին և, ի վերջոյ, որոշուեց ընդունել հորիզոնական կարմիր, կապոյտ ու նարնջի երեք գոյները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարուի Սահմանադիր ժողովի կողմից, որը պէտք է գումարուէր Հայաստանի երկու հատուածների միացումից յետոյ» (Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 1958, էջ 183)։ Նախնական ձևը, որը վերջին հաշվով մերժվեց, ծիածանագույն դրոշն էր։ Այս նախնական ձևը կարելի է տեսնել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Անկախ Հայաստանի դրոշը ուներ 2:3 հարաբերակցություն, սակայն 1990 թվականի օգոստոսի 26-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց այն որպես Հայաստանի Հանրապետության դրոշ՝ հարաբերակցությունը փոխվեց 1:2-ի:
Իհարկե դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ Սակայն 2006 թ. օրենքում գրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email