«Անհայտ բաժանորդ» ֆիլմն արդեն համացանցում է

Մինչ կդիտեք ռեժիսոր Արշո Հարությունյանի նոր՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը պատասխանեք հարցին՝ ինչպե՞ս կարձագանքեք, երբ ձեր մտերիմներից մեկը խախտի ձեր անձնական սահմանը և փորփրի ձեր հեռախոսը: Վստա՞հ եք, որ գաղտնիքներ չունեք իրարից:
«Անհայտ բաժանորդ» ֆիլմի հերոսներն էլ գրեթե այդ կարծիքին են, մինչև չեն սկսում մի խաղ, որը շրջադարձային է լինում բոլորի համար: Ֆիլմը, որը հայ հասրակությունը հասցրել էր դիտել նաև թատերական տարբերակով, իտալական «Իդեալական անծանոթներ» ֆիլմի պաշտոնական ռիմեյքն է:
Հայկական տարբերակը պատկերացնել չէր էլ կարելի առանց պրոֆեսիոնալ և կայացած դերասանների՝ Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի և Արթուր Մանուկյանի: Ֆիլմի պրեմիերան կայացավ նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին ԿինոՊարկում:
Լրագրողների հետ քննարկման, մինչ որևէ մեկը կհնչեցներ հարց, ռեժիսոր Արշո Հարությունյանն ասաց՝ եթե ֆիլմը հավանել եք, բրավո դերասաններին, եթե չեք հավանել, իմ ձախողումն է:
Ֆիլմը հարաբերությունների կատակերգությունն է, որում արծածվում են բազմաթիվ թեմաներ՝ սեր, դավաճանություն, հարաբերություններում ոչ այնքան ազնիվ քայլեր:
«Ես այն անվանել եմ հարաբերությունների կատակերգություն, քանի որ գադջեթների հետևանքով մենք հարաբերությունների մեջ էլ դրսևորման ձևերն, ասես, կորցրել ենք: Այնտեղ պարունակվող մեսիջներն են՝ հարգել դիմացինի ազատության սահմանը, մարդուն ընկալել այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին իրեն ցանկանում է մատուցել, փորձել հասկանալ սեփական տարածությունն ու ազատությունը, հասկանալ ու գնահատել նաև դիմացինի ազատությունը»,-նշեց ռեժիսորը:
Ֆիլմում գլխավոր են բոլոր հերոսները: Չկան առանձնացված վատ և լավ կերպարներ. բոլորն էլ թաքցնում են ինչ-որ բան: Նրանք և սխալական են, և իդեալական իրենց տեսակով:
Սոս Ջանիբեկյանը ֆիլմի նպատակի, ստացած էմոցիաների և փոփոխությունների մասին խոսելիս լակոնիկ էր՝ Ես հասկացա, որ ամենամեծ պարզ դրությունն ամենամեծ քաոսն է:
Դերասանուհի Անի Խաչիկյանի կարծիքով ֆիլմն իրար նկատմամբ ուշադիր, հոգատար լինելու հաղորդագրություն ունի:
«Պատմությունն այն մասին չէ, թե ինչքան ավելի լավ կարող ենք թաքցնել ինչ-որ բաներ մեր կյանքում: Իհարկե, դիմացինի անձնական կյանքը պետք է հարգել, ընտրությունների և որոշումների մեջ էլ պետք է լինել ավելի նրբանկատ»,- նշեց դերասանուհին:
«Ֆիլմն ինձ անընդհատ հիշեցնում է, որ մենք ընտրության հնարավորություն ունենք, որի մասին մոռանում ենք շատ երջանիկ կամ դժբախտ ժամանակ: Մեր ամբողջ կյանքի ձեռքբերումներն ու կորուստները մեր ընտրության արդյունք են՝ պաշտպանե՞լ ընկերոջը նեղ դրության մեջ, դավաճանե՞լ, ընտրե՞լ գաղտնիքներով ապրել, թե՞ պարզ ճակատով: Այս բոլորն ընտրություն են»,-նշեց դերասան Բաբկեն Չոբանյանը:
Նազենի Հովհաննիսյանը դիտել է ֆիլմի բոլոր տարբերակները:
«Մոտեցումները տարբեր են, բայց վերջում բոլորի մոտ հաղորդագրությունը մեկն է՝ խնայենք, խնամենք, լինենք ուշադիր, փորձենք, գոնե, չխանգարել, երբ պահը գալիս է, ձեռք մեկնենք ինքներս մեզ և մեր կողքիններին, ոչ թե միանգամից մեղադրենք ու թաղենք: Արշոն հիանալի կերպով տվել է յուրօրինակ վերջաբան, որը, գուցե, ավելի հուզական է, ավելի բնորոշ մեզ»,-նշեց դերասանուհին:
Մարջան Ավետիսյանը վստահ է՝ յուրաքանչյուրն ինչ-որ բան թաքցնում է մյուսից:
«Ինձ համար ֆիլմն իրար կյանքը չփորփրելու և դիմացինի անձնական տարածքը հարգելու մասին է»,-նշեց դերասանուհին, հավելելով,- «պետք է իմանաս այնքան, որքան դիմացինը քեզ թույլ է տալիս, իսկ երբ իմանում ես ավելին, պետք է փորձես ընդունել դա, անգամ, եթե հակառակ կարծիքն ունես»:
«Մարդիկ ու հարաբերությունները տարբեր են», – վստահ է Արթուր Մանուկյանը,- «պետք է սնել ու պահպանել հարաբերությունները: Խնդիրների մասին կարելի է լռել, ծածկել ու անցել, կարելի է և խոսել, բացահայտել, քննարկել ու տեսնել՝ հնարավո՞ր է ապրել դրանց հետ, թե չէ»:
Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանը և Արեն Հայրապետյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, նկարիչը՝ Հրաչ Քեշիշյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email