«Արմմոնո» թատերական փառատոնը նվիրված կլինի Հրանտ Մաթևոսյանին

Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի նվիրված կլինի հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:
Ինչպես տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա և կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:

Փառատոնի բացումը կտրվի ՀՀ վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանի Հ. Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի համանուն մոնոներկայացմամաբ:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ: Իսկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի իր նոր՝ «Կովիդ քրոնիկոնը»:
Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:

Չնայած՝ համավարակի պատճառով այս տարի արտերկրից դերասաններ չեն հյուրընկալվի, սակայն փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Մասնակիցներին առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրեններ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան և ուրիշներ:
Ինչպես տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները՝ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև մի քանի սրճարանում:
Ի դեպ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև դեբյուտային ներկայացումներ:
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի օգոստոսի 1-10-ը՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email