Մահացել է իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

91 տարեկանում մահացել է 20-րդ դարի ամենասիրված իտալացի կոմպոզիտորներից մեկը՝ Էնիո Մորիկոնեն: Նա մահացել է հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում: Ինչպես հայտնում է միջազգային մամուլը՝ կոմպոզիտորն ընկել է, կոտրել ազդրոսկրը, մահացել՝ առաջացած բարդությունների հետևանքով:

Կոմպոզիտոր, դիրիժոր, արվեստագետ Մորիկոնեն, ով հանդիսատեսի հետ խոսում էր իր երաժշտությամբ, ծնվել է 1928 թ. նոյեմբերի 10-ին՝ Հռոմում: Նա դեռ մանկուց տարված էր երաժշտությամբ. 6 տ. սկսում է ստեղծագործել, իսկ 13-ում՝ ընդունվում Սանտա Չեչիլիայի կոնսերվատորիա:
Երիտասարդ կոմպոզիտորը հաջողությամբ ավարտում է կոնսերվատորիան, ապա աշխատանքի է անցնում թատրոնում: Նա թմբկահար էր, կոմպոզիտոր և գործիքավորող:

Իր ուղին Մորիկոնեն սկսեց 50-ականների վերջում, իսկ 70-ականներին նա ավելի քան 100 ֆիլմերի երաժշություններ էր ստեղծել:
Այսպիսով նրան սկսեցին ճանաչել կինոյի և հեռուստատեսության համար գրված երաժշտությամբ։ Նա հեղինակ է ավելի քան 400 կինոնկարի և հեռուստասերիալների երաժշտության։

Մեծանուն կոմպոզիտորը հավատարիմ էր կնոջն ու ընտանիքին. 1956 թ.Մորիկոնեն ամուսնացավ Մարիա Տրավիայի հետ, ում հետ համատեղ կյանքը ձգվեց մինչ խորը ծերություն: Կինը կոմպոզիտորին պարգևեց 4 երեխա:
Ցանկացած իրադարձության կարելի էր նկատել, որ սիրելին Մորիկոնեի կողքին է. նա ամուսնուն թևեր  էր տալիս, ոգեշնչում, նրա հետ դժվարություններ հաղթահարում, ինչպես նաև ամուսնու ստեղծագործությունների համար տեքստեր գրում:

Երաժշտությամբ շնչող կոմպոզիտորը, ով նախկինում մերժում էր Հոլիվուդյան ֆիլմերի առաջարկները, հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007 թ.-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆիայի մեջ նշանավոր ավանդի համար։ 1987 թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։

Facebook
Twitter
Telegram
Print
Email