«Լինե´լ․ սա խնդիր չէ». «Հայ ֆեստ» փառատոնը կլինի բացօթյա

“To BE! That’s not a question!” («Լինե´լ․ սա խնդիր չէ»). «ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Այդ մասին հաղորդում են փառատոնի պաշտոնական էջից: Փաատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի, այս օրերին, հաճախ են հարցնում փառատոնի չեղարկման, հետաձգման մասին՝ կապված կորոնավիրուսի հետ, ինչին ի պատասխան, փառատոնի նախագահն արձագանքում է․ «Լինե´լ. սա խնդիր չէ»։
Նրա փոխանցմամբ՝ այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Ղուկասյանը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ կբարելավվի։

Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձևաչափով և բազում անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա:
Փառատոնի նախագահը շեշտել է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ ու անհրաժեշտ այլ միջոցներ…
Այս տարվա «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասեր․ «ՀԱՅ ՖԵՍՏԸ գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին…

Նման անակնկալներ սպասվում են ոչ միայն երևանյան, այլ նաև մարզային հանդիսատեսին։ «ՀԱՅ ՖԵՍՏԸ» կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում։
Փառատոնի օրերին գերհագեցած կլինի նաև փառատոնի օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև: Բավական է միայն թվարկել նախնական համաձայնություն տված մասնակիցների անունները` «ТЕАТР» ամսագրի գլխավոր խմբագիր, NET միջազգային փառատոնի արտ-տնօրեն Մարինա Դավիդովա (ՌԴ), «Մանչեսթր» թատերական փառատոնի տնօրեն Ջոն ՄակԳրաֆ (Մեծ Բրիտանիա), հեղինակավոր բեմադրիչներ Իո Սթրոմգրեն (Նորվեգիա), Անտոնիո Արաուժո (Բրազիլիա), Թոմաս Օստերմայեր (Գերմանիա) և ուրիշներ:
«ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ թատերական փառատոնը համատեղ նախագծեր կիրականացնի MitSP (Բրազիլիա), Almagro (Իսպանիա), FITEI (Պորտուգալիա), Dublin (Իռլանդիա) և այլ հանրաճանաչ միջազգային թատերական փառատոների հետ։ Լայվ-սթրիմ ձեւաչափում և մասնակից երկրների հետ սինքրոն կցուցադրվեն փառատոնի տարբեր տարիների իրադարձային ներկայացումները ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական արտադրության։
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019թ.-ին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email