Շավարշ Կարապետյանը 67 տարեկան է. կէկրանավորվի նրա կյանքի պատմությունը

Մայիսի 19-ին հայ սուզալողորդ, ջրասուզալող մարզաաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է: Շավարշ Կարապետյան պրոֆեսիոնալ լողորդի և վարպետի անունը լսելով չեմպիոնի մեդալները չէ միայն, որ հիշում են մարդիկ, այլև կատարած սխրանքներն ու մարդկային կյանքեր փրկելու «սովորությունը»: Պատմության մեջ և մարդկանց հիշողություններում դաջվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ տրոլեյբուսը հայտնվել էր Երևանյան լճում: Շավարշն առանց վարանելու նետվել էր ջուրը, տրոլեյբուսից դուրս բերել ուղևորների մեծ մասին, այդպիսով փրկել 20 կյանք: Նա կասեցրել էր մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցել Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի փրկարարական աշխատանքներին:
 
Կինոռեժիսոր Արտակ Իգիթյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ պատրաստվում է էկրանավորել Շավարշ Կարապետյանի կյանքի և հերոսությունների պատմությունը: 
 
«20». այսպես է կոչվելու մարզական էքշըն-դրամա ժանրի կենսագրական ֆիլմը, որի գործողությունների հիմքում առանցքային 1976 թվականի սեպտեմբերի 16-ի իրադարձությունն է:
Արտակ Իգիթյանը շնորհավորել է վարպետին ծննդյան օրվա առիթով և պատմել ֆիլմի ստեղծման գաղափարի, ընթացիկ աշխատանքների մասին: Ռեժիսորը ճգնաժամային իրավիճակում նման ծրագրի իրականացումը հնարավոր է համարում միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով.
«Մենք ունենք կենդանի հերոսներ, ովքեր ապրում են մեր կողքին: Դրանցից մեկը Շավարշն է, ով իր արարքներով մարդկային քաջության և պարզապես մարդ լինելու լավագույն օրինակներից է ժամանակակից երիտասարդության համար: Շնորհավորում եմ վարպետին ծննդյան օրվա առիթով և մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք: Ես վաղուց եմ ցանկացել Շավարշի մասին պատմող ֆիլմ նկարահանել, և շատ ուրախ եմ, որ հենց «Հայֆիլմ» կինոստուդիան հանձն առավ այս նախագծի իրականացումը: Հիմա ֆիլմի ստեղծման ամենաբարդ և կարևոր փուլերից մեկն է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այս պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում և պատրաստ են դա իրականացնել այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների»,- հավելեց Արտակ Իգիթյանը: 
Արտակ Իգիթյանը նշեց, որ այս փուլում ֆիլմի ստեղծման համար ամենակարևոր գործողություններն են իրականացվում, քանի որ նպատակ ունեն 70-ականների կոլորիտային Երևանի մթնոլորտը, մարդկանց, ճարտարապետությունն առավելագույնս բնորոշ պատկերել ֆիլմում:
Նկարահանումների մեծ մասը տեղի է ունենալու Հայաստանում, նաև Ուկրաինայում և Ֆրանսիայում, իսկ դերասանական կազմում ներգրավված են լինելու դերասաններ ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից և Իտալիայից:

Facebook
Twitter
Telegram
Print
Email