Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միության հետ համատեղ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ, ներկայացնում է Ֆլորիան Զելլերի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք։ Հոկտեմբերը թատրոնում Զելլերյան է. օրերս կայացան «Հայրը», «Մայրը», «Որդին» պիեսների թատերականացված ընթերցումները, որոնց կհաջորդի նաև «Սուտ» պիեսի առաջնախաղը, ինչպես նաև Զելլերի պիեսների հայերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը։
Ֆլորիան Զելլերն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգներից է և իր սերնդի մեջ ամենախոստումնալիցը, ամենաշատ թարգմանվածն ու բեմադրվածը: Շուտով կավարտվի նաև հեղինակի «Հայրը» պիեսի՝ համանուն ֆիլմի նկարահանումները:

«Ֆրանսիական դրամատուրգիան Հայաստանում զարգացնելու և տարածելու նախագիծը մեկնարկել է դեռ անցած տարվանից և դրա տրամաբանական շարունակությունը եղավ այս տարի Ֆլորիան Զելլերի դրամատուրգիային նվիրված միջոցառումները»,- YerevanEvents-ի հետ զրույցում նշեց «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթե Խաչատրյանը:


Հեղինակի և, հատկապես, Համազգային թատրոնի հետ համագործակցության ընտրությունը պատահականց չէ. Սաթե Խաչատրյանը Համազգային թատրոնոի հետ վաղեմի բարեկամություն ունի. նրա նախադիպլոմային աշխատանքը՝ «Շան աղջիկը», թատրոնի խաղացանկում է արդեն 10 տարի:
«Այս թատրոնում խաղում, աշխատում են իմ արվեստակից ընկերները և նրանց հետ միասին որոշեցինք, որ այն նախագիծը, այն աշխատանքը, որը ես պետք է անեմ Հայաստանում, լինի Համազգային թատրոնի հետ համատեղ»,-նշեց ռեժիսոր-թարգմանիչը:

Եվ քանի որ ամիսներ առաջ թատրոնի խաղացանկում հայտնվել էր Զելլերի «Ճշմարտութուն»-ը, պետք է լիներ նաև հակադիր գործը, իսկ Սաթե Խաչատրյանն այս հեղինակի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի, որոշեցվեց՝ այս հեղինակի գործերը կլինեն այստեղ և հենց Սաթեն կշարունակի այն, ինչ սկսել էին Համազգային թատրոնում: Եվ առաջին միտքը, որ ծագեց ռեժիսորի մոտ «Սուտ»-ը բեմադրելն էր:
Սաթեն պնդում է՝ այս պիեսներն իրար հետ շարունակականություն չունեն, սակայն երկուսում էլ հեղինակը շատ կարևոր փիլիսոփայական խնդիրներ է բարձրացնում. որն է ճշմարտության և ստի դերն ու կարևորությունը մեր իրականության մեջ, ինչ է տեղի ունենում, երբ մենք ասում ենք ճշմարտությունը և հնարավոր է արդյոք ասել ճշմարտությունը և ինչպես են դասավորվում հարաբերությունները, երբ առանցքում սուտն է:
«Հեղինակը կամ հանդիսատեսից յուրաքանչյուրը, գոնե իր մտքում, կհասնի հարցին՝ արդյոք ճիշտ է ճշմարտությունն ասել և հնարավոր է ասել ճշմարտությունը, թե ճշմարտությունը բացարձակ ուտոպիա է»,- կարևորելով պիեսների խոհափիլիսոփայականությունը, ռեժիսորը հնչեցրեց պիեսի առանցքային հարցը:
«Զելլերն այն հեղինակներից է, որոնք շատ սիրում են դերասաններին և սեռային տարբերություն չեն դնում իրենց ստեղծագործություններում և փայլուն կերպարներ են ստեղծում.որպես փիլիսոփայական եզրույթ սուտն ու ճշմարտությունն էլ չունեն սեռ. ի վերջո մենք հակված ենք մտածել, որ սուտը բնորոշ է տղամարդկանց, հեղինակը գալիս է ասելու, որ կանայք հավասարապես կիսում են այդ դափնին և երկուսն էլ կարող են լինել ստի կամ ճշմարտության ջատագով»,-նշեց Սաթե Խաչատրյանը:

Անդրադառնալով թատերայնացված ընթերցանության ձևաչափի առանձնահատկություններին և թե ոքանով է պատրաստ հայ հանդիսատեսը նման բեմադրությունների, ռեժիսորը վստահեցրեց՝ ձևավորվում է հանդիսատեսի ևս մեկ տեսակ, որը գալիս է թատրոն տեսնելու ոչ թե դասական ներկայացում, այլ այն, ինչն իրեն անծանոթ է:
«Ես ապրում և աշխատում եմ Ֆրանսիայում և այս ձևաչափն ինձ համար կիրառելի է իբրև դերասան և ռեժիսոր: Ես 7 տարի է հենց այս ձևաչափով խաղում եմ մի ներկայացում, որի տեքստը մենք կարող էինք անգիր սովորել, սակայն, հավատարիմ մնալով ընթերցանության ձևաչափին, դա չենք անում: Ինչ-որ առումով սա հարստացնող կողմ ունի ստեղծագործական և դերասնական աշխատանքի համար: Սրանից երեք- չորս տարի առաջ Հայաստանում փորձեցինք կիրառել այս ձևաչափը տարբեր թատրոններում, տարբեր ոճերով»,- ասաց Սաթե Խաչատրյանը, անդրադառնալով նաև աշխատանքի դժվարությանը,-«որքան էլ սա ընթերցանություն է, այն նաև թատերականացված է և պահանջում է դերասանների հետ մանրակրկիտ աշխատանք և տարածության մեջ ճիշտ դասավորություն, երաժշտություն… տեխնիկապես նույնպես աշխատանք է պահանջում»:
Այս ձևաչափի լավագույն կողմն, ըստ ռեժիսորի, բացառիկ արագության մեջ աշխատելն է, որը հնարավորություն է տալիս, հասկանալու, թե հայ դերասանները որքանով են պատրաստ այդ ռիթմին:

«Ես իսկապես զարմացած եմ, դրական իմաստով. մենք պատրաստ ենք մի քանի ամիս սեղանի շուրջ աշխատելու, հետո միզանսցենին անցնելու, բայց այս պարագայում թե՛ «Սուտ» ներկայացման, թե՛ ընթերցանութունների հետ կապված աշխատանքը եղել է բացառիկ արագությամբ և այդ արագության մեջ շատ կարևոր դրական բաներ ենք նկատում, օրինակ, պիեսը չի կորցնում թարմությունը, հետաքրքրությունը, հանդիսատեսի և դերասնների համար: Եթե նկատում եք հեղինակը, շարունակականությունը պահպանելու մտածողությամբ գրում է պիեսներ, որոնք կանչող են, գոնե, վերնագրային առումով: Մենք չենք գալիս իրար շարունակող, այլ իրար լրացնող կամ հակադարձող պիեսներ տեսնելու»,- կարևորեց Սաթե Խաչատրյանը:
Անդրադարձավ սպասվող առաջնախաղին բեմդրիչը նշեց, որ ներկայացումը պատրաստ է.
«Մնացել են վերջին տեխնիկական փորձերը: Սպասում ենք, որպեսզի Նարինե Գրիգորյանը, ով գլխավոր դերում է, վերադառնա հյուրախաղերից և հոկտեմբերի 20-ին ներկայացնենք հանդիսատեսի դատին»:
«Սուտ» ներկայացման մեջ զբաղված են Համազգային թատրոնի այլ դերասաններ՝ Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարինե Գրիգորյանը և Մարիա Սեյրանյանը, ինչը նույնպես պատահական չէ, նախորդ պիեսի նկատմամբ տարբերությունն ընդգծելու առումով:

«Կարծում եմ՝ մոտեցումը և մատուցումն էլ է տարբեր և ավելի լավ, որովհետև դա հեղինակի վարպետության մասին է խոսում. նա չի տալիս մի տեսակի թատրոն, մեկ ոճ իրեն բեմադրելու, այլ յուրաքանչյուրը կարող է իր մեկնությունը բերել և իհարկե դերասնների համար փայլուն կերպարներ են և փայլուն հնարավորություն. չգիտեմ ժամանակակից դրամատուրգները որքանով են սիրում ռեժիսորներին, բայց որ դերասաններին շատ են սիրում և նրանց համար շահեկան պիեսներ են գրում, դա հաստատ է»,-անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը, շեշտեց բեմադրության հեղինակը:
Իսկ թե ինչպիսի ընթացք կունենա թատերայնացված ընթերցանությունների տարածոմը և, արդյոք, մարզերում և այլ թատրոններում բեմադրություններ կլինեն, Սաթե Խաչատրյանը նշեց, որ արդյունք ունենալու համար, պետք է երկարատև աշխատանք և դրա համար պետք է հետևողականություն:
«Երբ սերմերը դնում ենք հողը, պետք է հետևողական լինենք: Եվ ամեն տարի ինչ-որ բանով ավելացնենք մեր ստեղծածը: Արդյունք ունենալու համար, պետք է աշխատենք երկարատև մտածողությամբ, ոչ թե անենք մի բան և մոռանանք»,- նշեց «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավարը, կարևորելով ժամանակակից թարգմանական դրամատուրգիայի զարգացումը,-«մեր թատրոններից շատերի խաղացանկը թարմացման կարիք ունի և այդ նպատակով, կարծում եմ, մենք անելիք ունենք»: