Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Մոսկվայից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 8 մեդալ (երկամարտի): Հավաքականի հետ Երևան են ժամանել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որոնք ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ մարզիկների ելույթներին: Հայաստանի պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության է արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), մեկնաբանելով իր ելույթը, նշել է, որ ոսկե մեդալը լավ նախապատրաստության արդյունք է.
«Նպատակս հենց չեմպիոնությունն էր: Լավ նախապատրաստությունը տվեց իր արդյունքը: Կրկնակի հաճելի է, որ այս քաշային կարգում երկրորդ տեղը ևս մենք զբաղեցրինք՝ ի դեմս Արսեն Մարտիրոսյանի: Մեր միջև մրցակցություն չկա»:

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ով այս առաջնության պոկում վարժությունում առաջին արդյունքը գրանցեց, իսկ հրումում 0 ստացավ, վստահեցրել է՝ նախքան ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերը լավ մարզավիճակ ձեռք կբերի. «Չեմ արդարանում, պարզապես չստացվեց այն, ինչի համար մեկնել էի առաջնությանը: Վնասվածքիս պատճառով չէի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չեմ հուսահատվում: Գիտենք այս անհաջողության պատճառը և շարժվում ենք դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր, որին արդեն 200%-անոց մարզավիճակով ենք մասնակցելու»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)՝ բրոնզե:

Facebook
Twitter
Telegram
Print
Email