Հայտնի են Խաչատրյան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողները

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն այս տարի տեղի էր ունենում ջութակ մասնագիտությամբ և հեռավար՝ տեխնոլոգիական մի շարք նորարարությունների, արհեստական բանականության հնարավորությունների օգտագործմամբ։ Մասնավորապես, մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլում ջութակահարները հեռավար կարգով հանդես եկան նվագախմբի հետ`կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Այսպես՝ հայտնի են մրցույթի դափնեկիրները։
1. Դիանա Ադամյան – Հայաստան
2. Մայքլ Գերմեր – Դանիա
3. Լորենց Կարլս – Շվեդիա
4. Բելլ Թինգ – Թայվան
Դափնեկիր. Ֆելիքս Հարությունյան – Հայաստան:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրությունը կատարում էր երաժիշտների առանձին խմբերով։ Մրցույթի մասնակից ջութակահարները՝ ծրագրավորման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստանում էին նվագախմբի նվագակցությունը, ընտրելով իրենց հարմար տարբերակն ու իրենց կատարումը հեռավար համադրում նվագախմբային նվագակցության հետ։ Այդ ամբողջ տեխնոլոգիան նորարարություն էր երաժշտական կյանքում, որն իրականացվում էր արհեստական բանականության միջոցով։
Ի դեպ,նվագախմբային ձայնագրությունները կատարվել են 10 հոգանոց խմբերով՝ պահպանելով երաժիշտների միջև սոցիալական հեռավորությունը, կիրառելով կորոնավիրուսից անհատական պաշտպանության միջոցներ։ 
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է‚ իսկ մրցույթի կազմակերպիչը՝ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակ է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email