«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կանցկացվի «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» խորագրի ներքո

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-24-ը կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենյա Պոդպոմոգովայի հիշատակին։
Փառատոնն անցկացվում է «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» խորագրի ներքո:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ փառատոնի մեկնարկը կտրվի նոյեմբերի 21-ին. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքները, բացառիկ ցուցանմուշներ՝ հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը։
«Բեմական տարածքներով շրջելու գաղափարը փառատոնի գեղարվեստական ղեկավար, վերջերս կյանքից հեռացած Եվգենյա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը»,- նշել է Արթուր Ղուկասյանը և հավելել, որ առցանց հարթակում փառատոնի մեկնարկը կազդարարի «Arlekin Players» թատրոնը (ԱՄՆ)։
Հանդիսատեսի դատին կհանձնվի բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Ա․ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր է հանդիսատեսին. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք է գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացքում այն հեռակառավարման վահանակի դեր է տանում, և սյուժետային գիծը հնարավոր է՝ փոխվի՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռանևսկայայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։
Արթուր Ղուկասյանի նշմամբ՝ փառատոնի օրերին առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանին վերջ տալով» VR ներկայացումները (ներկայացում `վիրտուալ իրականության մեջ)։ VR ներկայացումներ կցուցադրի նաև Աուքսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։
Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություններ, միջազգային գիտաժողով «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը» խորագրով, zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և այլք։
Արթուր Ղուկասյանի խոսքով՝ «ՀԱՅ ՖԵՍՏԸ», լինելով առաջատար փառատոն, 19 տարի շարունակ առաջ է բերում նորարարություն ժանրերի, ոճերի, մուլտիմեդիոն նոր մոտեցումների առումով:
«Փառատոնը 2021-ին հատկապես մեծ ուշադրություն կդարձնի տեխնոլոգիաներին թատրոնում, կատարողական արվեստներում, կփորձի ցույց տալ, թե ինչպես է համավարակն ազդում արվեստի վրա: Շատերը փորձում են հաղթահարել այն, կանգ չառնել և ասել, որ թատրոնը կենդանի է. նրանք փորձում են ասել, թե ինչպես է հնարավոր աշխատել սահմանափակումների ժամանակ, ինչ անել նոր բաներ հորինելու, ժամանակակից լինելու համար»,- շեշտել է փառատոնի ղեկավարը և հավելել, որ իրենց նպատակն է ոչ թե գնալ հանդիսատեսի ետևից, այլ հանդիսատեսին բերել իրենց դաշտ՝ նրան նոր գործընթացների մասնակիցը դարձնելով:
Փառատոնը կամփոփի «Տրոյացի կանայք» ներկայացումը՝ ըստ Եվրիպիդեսի։ Այն «Ռոյալ Դիսթրիքթ» (“Royal District”) թատրոնի (Գերմանիա-Վրաստան) համատեղ նախագիծն է, որը կցուցադրվի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջով։
Տեղեկացնենք, որ փառատոնը կանցկացվի Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին։
Նշենք նաև, որ Եվրոպական փառատոնների ասոցիացիան 2019-2021 թթ. 715 եվրոպական փառատոններից ընտրել է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը և այն ընդգրկել 24 լավագույնների ցանկում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email