«Եթե ետ մնանք, հանդիսատեսին չենք մատուցի հետաքրքիրը» Արեն Օսիպյան

Մշակութային բումը Հայաստանում շարունակվում է…. Երևանյան թատրոններից ոչ պակաս հետաքրքիր նախագծերով են հանդես գալիս մարզային թատրոնները, մասնավորապես Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատկական թատրոնը, որը հանդես կգա հեռուստաթատրոնի ադապտացիոն տարբերակով՝ թատերական խաղը զուգակցված ժամանակակից տաղավարային նկարահանմամբ: Այս և այլ մանրամասների մասին Yerevan Events-ին պատմել է թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Արեն Օսիպյանը:

«Սպասվող ներկայացման միտքը ծնվել է համավարակի ժամանակաշրջանում, մինչ այս արտակարգ դրությունը և պարտադրված պարապուրդն, իհարկե, կային տարբեր մտքեր, նոր լուծումներով բեմադրությունների քննարկումեր: Քանի որ հիմա հնարավորություն չունենք բեմ-հանդիսատես այդ գեղեցիկ կապը ստեղծել, որոշեցինք մի նոր ձևաչափ , մի նոր կապ, որը թատրոնից այնքան էլ չի տարբերվում»,- նշեց նախագծի հեղինակը:
Առաջիկա նախագիծը հեռուստաթատրոն կարելի անվանել, քանի որ էկրանավորվելու է:
«Բոլոր գործողությունները կատարվելու են բեմից դուրս , օրինակ եթե ներկայացման մեջ գործողությունը կատարվում է այգում, մենք ռեալ ցույց ենք տալիս, որ այգում է կատարվում գործողությունը…»,-նշեց Արեն Օսիպյանը, հավելելով,-«Ֆիլմի տարբերակով ներկայացում է, որը կարծում եմ՝ թե հանդիսատեսի, թե դերասանի համար նոր ձևաչափ է» ։

Հեռուստաներկայացման հիմքում Ա. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ստեղծագործություններն են: Ռեժիսորը բացում է փակագծերը՝ մի մասի նկարահանումնրն արդեն ավարտվել են, այժմ մոնտաժային աշխատանքներն են իրականացվում:
«Առաջին մասը վերջացնելուն պես, կսկսենք հաջորդ մասի նկարահանումները: Շարունակական կլինի, թե ո’չ, կարծում եմ՝ հանդիսատեսի արձագանքից է կախված. այս պահի դրությամբ երկու մաս է լինելու»,- ասաց երիտասարդ ռեժիսորը, ընդգծելով՝ թիմում բոլորն են երիտասարդ: Ի դեպ նախագծում ընդգրկված են դերասաններ Արման Սաքանյանը, Վահրամ Խառատյանը, Մարիամ Ղևոնդյանը, Տաթև Պետրոսյանը, Թաթուլ Բոստանչյանը և Էդգար Բարսեղյանը:
Խոսելով թատրոնի ու կինոյի այս տեսակ միաձուլման ու այդ ժանրում առկա խոչընդոտների մասին, ռեժիսորը նշեց.
«Ինքս՝ որպես թատրոնի ռեժիսոր, դերասանները՝ որպես թատրոնի և բեմի արտիստներ, իհարկե երբեմն կանգնում ենք դժվարությունների առաջ, բայց դրա հետ մեկտեղ, մեզ համար այս ձևաչափում աշխատելը շատ հետաքրքիր է»:

Թատրոնի ստեղծագործական կազմն առաջին անգամ է իր ուժերը փորձում նման ձևաչափում, սակայն ընտրված գործերը հաջողված են ոչ միայն թատրոնում, այլև՝ կինոյում:
Էքսպերիմենտալ բեմադրությունների սիրահար Արեն Օսիպյանն, ի դեպ, առաջին անգամ չէ նման իմպրովիզով հանդես գալիս հարազատ թատրոնում. ամեն ինչ սկսվեց 2009 թ., երբ նա առաջին քայերն էր անում թատերական ստուդիայում, ապա, սովորելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ Վանաձորի մասնաճյուղում՝ Վահե Շահվերդյանի արվեստանոցում՝ դասական հեղինակների գործերին տալիս էր իր մոտեցումը.
«Բեմադրում էի Չեխով, Գոգոլ, Մոլիեր, իսկ ավարտական աշխատանքս իսպանացի հեղինակ Ֆ. Գ. Լորկայի «Արյունոտ Հարսանիք» պիեսն էր , որը հետագայում ընդգրկվեց թատրոնի խաղացանկ։ 2017 թ. ուժերս փորձել եմ աբսուրդի ժանրում , վերցնելով Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» պիեսը, որը նույնպես նորամուծություն ու նոր ձևաչափ էր թատրունում և որը նույնպես հիմա մեր խաղացանկում է»:

Նորամուծություններն և էքսպերիմենտները կարևոր են ոչ միայն ռեժիսորի, այլև՝ թատրոնի ու դերասանի համար, սակայն խնդիրը դասականներին կպնելու միտումը չէ՝ վստահ է Արեն Օսիպյանը: Նա կարծում է է՝ կարևոր է մատուցման ձևը, մտածողությունը.
«Ժամանակը և մտածողությունը շատ արագ են փոխվում և եթե մի փոքր ետ մնանք, ապա հետաքրքիր բան չենք կարող մատուցել հանդիսատեսին»:
Ռեժիսորն ընդգծում է՝ մեր թիմի ասելիքը չեխովյան է… կարծում եմ՝ Չեխովն այն դասականներից է, որ բոլոր ժամանակներում է արդի, մանավանդ, եթե ճիշտ մատուցվի:

Անդրադառնալով հեռուստա-ներկայացման պրեմիերային՝ ռեժիսորը հստակ ժամկետներ չնշեց. այն կցուցադրվի թատրոնի ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքում անմիջապես տեխնիկական աշխատանքից հետո: Նախքան ցուցադրությունը, շնորհիվ մի քանի վայրկյանանոց թրեյլերի, հանդիսատեսը կհասցնի հասկանալ՝ ինչ է սպասվում իրեն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email