«Միսս Հայաստան 2020» մրցույթն՝ առանց հանդիսատեսի

«Միսս Հայաստան 2020» ազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչները նախատեսում են այս տարվա սեպտեմբերին անցկացնել «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ կընտրվի հաղթողը, իսկ այժմ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։ 
Եթե Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակվի, այս տարվա գեղեցկության մրցույթն այլ տեսք կունենա։ Մրցույթի կազմակերպիչները խոսել են ծրագրերի մասին։
Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 17-27 տ. այն աղջիկները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, ունեն բարետես արտաքին և 168 սմ-ից բարձր հասակ։
«Առաջիկա 1,5 ամսվա ընթացքում ցանկացողները  կարող են իրենց դիմում-հայտերը լրացնել  miss-armenia.com կայքում։ Արդեն մոտ 50 աղջիկ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել»,-նշել է մրցույթի կազմակերպիչ Մամիկոն Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մրցույթի հետագա ընթացքը և կազմակերպչական հարցերը  կախված են համավարակով պայմանավորված իրավիճակից։
Եթե Հայաստանում իրավիճակը շարունակի մնալ այսպիսին, ապա հնարավոր է, որ մրցույթը բացօթյա անցկացվի կամ օնլայն՝ առանց հանդիսատեսի։
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 24-30 աղջիկները պետք է տարբեր դասընթացներ անցնեն և պատրաստվեն հանրությանը ներկայանալուն։
Մրցույթի կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանը շատ է ուզում, որ ընտրված  գեղեցկուհին ներկայացնի իսկական հայուհու կերպարը, լինի գեղեցիկ, բարի, խելացի և որին հայ երիտասարդ աղջիկները ցանկանան նմանվել։
«Եզրափակիչ անցած աղջիկների համար նախատեսել ենք շատ հետաքրքիր ծրագիր, որը կլինի կրթական, զարգացնող և հետագայում շատ կօգնի նրանց։ Աղջիկների հետ աշխատելու են լավագույն մասնագետները` սկսած հոգեբաններից, վերջացրած վոկալիստներով, որպեսզի նրանք ոչ միայն գեղեցիկ քայլեն, այլև տիրապետեն գրագետ խոսքին և էթիկայի կանոններին։ Կարճ ասած՝ պատրաստ լինեն հանրային դեմք դառնալու»,–ասաց Դեմիրխանյանը։
Հիշեցնենք, որ 2019 թ. «Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը, որը շատ ակտիվ է սոցցանցերում, մասնակցում է բարեգործական տարբեր ակցիաների և հասցրել է մի քանի ընկերությունների գովազդային դեմքը դառնալ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email