Նատալյա Օրեյրոն ՌԴ քաղաքացիության հայտ է ներկայացրել

Ամեն ինչ սկսվել է մեկ տարի առաջ ռուսական առաջին ալիքի «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոյի արած կատակից: «Վայրի հրեշտակը» սերիալից հայտնի դերասանուհին բազմիցս եղել է Ռուսաստանում և այդ հաղորդման ժամանակ նշել է, որ ինքն իրեն ավելի ռուս է համարում, քան նույնիսկ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն: Նա կատակել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն կարող է ռուսական անձնագիր տալ։ Իսկ հաղորդման հեղինակ Իվան Ուրգանտն առաջարկել է այդ մասին խնդրել ուղիղ եթերում, Նատալյա Օրեյրոն չի հապաղել՝ «Պուտին, ինձ անձնագիր տվեք»։
Այս մասին ՏԱՍՍ լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ուրուգվայցի դերասանուհին և տեղեկացրել, որ իսկապես Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել։
«Մի անգամ գնացի Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատուն։ Ես այնքան շատ եմ ճանապարհորդում և այնքան կապեր ունեմ Ռուսաստանի հետ, որ ինձ հարցրին՝ կցանկանամ պաշտոնապես քաղաքացիություն ստանալ։ Ես ասացի, որ դա ինձ համար պատիվ կլիներ։ Այնպես որ, ես լրացրի պահանջվող փաստաթղթերը, և այդ հարցը հիմա ընթացքում է»:
Արգենտինայի քաղաքացի Նատալյա Օրեյրոն նաև հայտնել է, որ 2021 թ. մտադիր է հյուրախաղեր ունենալ Ռուսաստանում և հանդիպել իր երկրպագուների հետ:
Ի դեպ, նախորդ տարվա համաշխարհային շրջագայության ընթացքում երգչուհին  մենահամերգով ժամանել էր նաև Երևան: Այստեղ հայ երկրպագուները նրան հանձնեցին ՀՀ Սիրո և համերաշխության անձնագիր:

Facebook
Twitter
Telegram
Print
Email