Նոր բեմ, նոր կազմ.Դրամատիկականը վերազիննվում է

Արտակարգ դրության այս ժամանակահատվածում Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ըստ պարետի կողմից սահմանված կանոնների՝ սահմանափակ կազմով և պահպանելով դերասանների միջև սոցիալական հեռավորությունը, կիրառելով կորոնավիրուսից անհատական պաշտպանության միջոցներ, շարունակում է իր աշխատանքը:
Ինչպես տեղեկացնում է թատրոնի փոխտնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը՝ այս օրերին թատրոնում լսումներ են:
«Թատրոնը թույլատրելի ժամանակահատվածից հերթականությամբ, իհարկե, սկսել է իր աշխատանքները: Քանի որ, փորձերին զուգընթաց,  հերթն արդեն դիմորդներին լսելուն հասավ, մենք այդ գործընթացը սկսեցինք»,- նշեց թատրոնի փոխտնօրենը՝ հավելելվ,-«Սովորաբար մրցույթը հետևյալ կերպ է լինում. տարվա մեջ, ըստ դիմորդների թվի, մեկ կամ երկու անգամ: Թատերականի ուսանողները գիտեն, որ մեզ մոտ այդպիսի լսումների փուլ կա և իրենք հայտեր են ներկայացնում: Այս անգամ էլ բացաություն չէր. ըստ նախնական հանձնարարությունների ու պատրաստվածության տեղի է ունեցավ հանդիպում հանձնախմբի հետ»:
Դիմորդ դերասանները մինչ «դրամատիկցի» կարգավիճակը և բեմում հայտնվելը, երկար ճանապարհ ունեն անցնելու. թատրոն ընդունվելն այնքան էլ պարզ գործընթաց չէ:
«Դեռ առաջին՝ լսումների փուլն է, երկրորդ փուլում կլինի ծանոթություն, հարցազրույց, ապա դերասանները կանցնեն փորձաշրջան և միայն ափոփիչ փուլից հետո, իհարկե, կհրապարակվեն ընդունված դերասանների անունները»,- ասում է Դրամատիկի հնաբնակ Արտաշես Մխիթարյանը:
Թատրոնում ներկայացումների մասին չեն մտածում, չնայած դահլիճն ու բեմը վերանորոգված է, լուսային և ձայնային տեխնիկան վերազիննված, իսկ նոր բեմում առաջին ներկայացումը կայացել էր դեռ մարտի ութին: Թատրոնի փոխտնօրենն ասում է, որ այս պահին վերանորոգման աշխատանքները շարունակվում են՝ օդափոխության համակարգն ու ֆոեներն են թարմացվում, ասյինքն, համաճարակային դրության ավարտին դրամատիկցիները 50-րդ հոբելյանական ընդհատված թատերաշրջանով, հանդիսատեսին կդիմավորեն նոր դերասանական կազմով, նոր բեմով ու նոր շնչով:
«Արդեն բեմադրված ներկայացումների փորձերն, իհարկե, սկսել ենք, բայց մինչև համաճարակը չանցնի, ներկայացումների մասին մտածել չենք կարող»,- նշում է Արտաշես Մխիթարյանը, ու հավելում՝ նոր ներկայացումների գաղափարներ կան, որոնք մշակվում են:
Դրամատիկցիները քննարկել են նաև, այս օրերին արդի լայվ ներկայացումներով հանդես գալու հարցը, սակայն որոշվել է՝ թատրոնն ունի 50 տարվա արխիվ, այսինքն, կան ներկայացումներ հրաշալի դերասանների մասնակցությամբ, որոնք կարելի է հրապարակել՝ հանդիսատեսի մոտ արթնացնելով ջերմ հիշողություններ և այդպիսով հարգել շատ մեծ ու վառ արտիստների անուններ:
«Մենք քննարկում ենք առցանց ներկայացումների հարցը, և շատ հավանական է, որ այդպիսի նախաձենությամբ հանդես գանք, բայց քանի որ ունեինք արխիվ, առաջին քայլն արեցինք՝ վերհիշելով մեր 50 տարիների անցած ճանապարհը»,-եզրափակեց թատրոնի փոխտնօրենը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email