Առցանց պրեմիերա օպերային թատրոնում.«Չիպոլինո» բալետային ներկայացումը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում կայացավ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացման պրեմիերան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը շնորհավորել է փոքրիկներին տոնի առիթով:
Շնորհավորական գրառման մեջ մասնավորապես  նշվում է.
«Արդեն 70 տարի շարունակ հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Այս օրը ևս մեկ լավ ու կարևոր առիթ է փոխանցելու մեր անսահման սերն ու ջերմությունը մեր երեխաներին: Անչափ ուրախ եմ, որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մշտական խաղացանկում արդեն ունենք մեկ մանկական բալետային ներկայացում: Մենք մեծ ցանկություն ունենք ավելացնելու երեխաների համար նախատեսված օպերային և բալետային ներկայացումների թիվը: Մեզ համար անչափ կարևոր է փոքր տարիքից բարձրաճաշակ հանդիսատես ձևավորելու գործը: Շնորհավորում եմ բոլոր երեխաներին և նրանց ծնողներին ամառային այս գեղեցիկ օրվա առթիվ ցանկանալով առողջություն և երջանկություն:
Սիրով Կոնստանտին Օրբելյան»:
Նշենք, որ ներկայացման դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են մաեստրոյի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ:
«Չիպոլինո»-ի դիրիժորներն են Հարություն Արզումանյանը և Կարեն Լավչյանը, բեմադրող բալետմայստերը՝ Հենրիխ Մայորովը, բալետային խմբի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email