«Սքայ Գյումրի»՝ ՀՀ երկրորդ քաղաքը կունենա օդային տրամվայ

«Արմոն» ընկերությունը, որի հիմնադիրը ծնունդով գյումրեցի, սակայն 15 տարի Աֆրիկայում գործունեություն ծավալած Խաչատուր Սարգսյանն է, մշակել է Գյումրիի զարգացման ավելի քան կես միլիոն դոլարի ներդրումային ծրագիր։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է ՀՀ երկրորդ քաղաքում 25 կմ երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Այս մասին հեղինակը հուլիսի 2-ին Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում առավել մանրամասն կներկայացնի հանրությանը, ապա այն կդրվի քննարկման:
Ըստ «Արմոն» -ի տնօրենի՝ սա իր պարտքն է այդ քաղաքին: Նմանատիպ ծրագիր Խաչատուր Սարգսյանն ունի նաև Աֆրիկայում, որը համավարակի պատճառով կասեցվել է, սակայն նրան հաջողվել է համոզել ներդնողներին այն իրագործել Հայաստանում:
Այս նախագծի նպատակն է Գյումրին տարածաշրջանի մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային կենտրոնի վերածելը, որն իրագործելու համար,սակայն, կպահանջվի 500 հազար ԱՄՆ դոլար:

«Հիմա արդեն դարձել է 610 մլն։ Նախատեսվում է էկոթաղամաս՝ մոտ 2000 բնակչի համար, իր դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով։ Գիտեք, Գյումրին հայտնի է նաև իր սպորտային ավանդույթներով, ուստի և սպորտային համալիր է նախատեսվում, ալիքային լողավազան՝ 1700 մ² , թենիսի կորտեր, ինչը Գյումրիում գոյություն չունի, փակ ֆիթնես ակումբներ։ Մենք ամեն ինչը փակ ենք անելու, որովհետև Գյումրիի կլիմայական պայմանները խիստ են, դրա համար էլ ծախսերն ավելանում են։ Կօգտագործենք միայն ազատ տարածքները»,- Հանրային Ռադիոյին տված հարցազրույցում նշել է  Սարգսյանը։
«25 կիլոմետրը կառուցելու համար պահանջվում է 200 մլն դոլար։ Դա ավելի շատ կախովի տրամվայ է, պարաններով չի աշխատում, վերևում ռելսեր են։ Առաջին նմանատիպ փոխադրամիջոցը կառուցվել է Լոնդոնում, 1895 ին։ Հիմա տեխնոլոգիաները փոխվել են, ավելի են կատարելագործվել։ Մենք գաղափարն իրականացնելու ենք նորագույն տեխնոլոգիաներով»,- նշել է «Արմոն» ՍՊԸ տնօրենը:

Երթուղին անցնելու է քաղաքի ծայրամասային թաղամասերով. 15 կայարաններում լինելու են առևտրային կենտրոններ, հանգստի գոտիներ, իսկ օդային տրանսպորտը դրանք կապելու է միմյանց:
Գետնից 6-10 մետր բարձրությամբ ու մինչև 500 կմ/ժ արագությամբ, թեթև շարժակազմով օդային տրանսպորտը միմյանց կկապի 50 մետրից մինչև 2 կմ հեռավորությամբ կայարաններ, որոնցից յուրաքանչյուրն արդեն իր վիրտուալ անունն ունի։ Օրինակ՝ մեկնարկը կտրվի օդանավակայանի «Թռիչք» կայարանից, հաջորդը Մսի կոմբինատն է՝ «Վերածնունդ» կայարան, հետո՝ հրուշակեղենի ֆաբրիկան՝ «Էկո-թաղ»։
Լճում «Հանդիպում» անվամբ կայարանն է նախատեսվել, Սլաբոտկայում՝ «Հին քաղաք» , Մայր Հայաստանում՝ «Հայրենիք», Մուշ թաղամասում «Հզոր», Անիում՝ «Վեհ», Շատրվաններում՝ «Սեր», մաքսատանը՝ «Վարպետ», կայարանում՝ «Ուղի», Նորավան թաղամասում՝ «Հավատք» ու Կոմիտասում՝ «Տաղանդ» կայարանները։
Հանրային ռադիոյոին տված հարցազրույցում նախագծի հեղինակն անդրադարձել է նաև գնացուցակին, նշելով, որ գյումրեցիների համար այլ գին կլինի, արտասահմանցիների համար՝ այլ։ Սա լինելու է ոչ թե քաղաքային, այլ՝ այլընտրանքային տրանսպորտի միջոց:


Նյութի աղբյուրը՝ Հանրային ռադիո

Facebook
Twitter
Telegram
Print
Email