«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության`Տավուշ TV-ի գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը այս տարվա հունիսի 1-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։
Համագործակցության նպատակն է հայկական կինոն հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելությունը, հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։
Տավուշի մարզը Հայաստանի հեռավոր սահմանապահ բնակավայրերից է և տեղի սահմանամերձ գյուղերում հայկական ժամանակակից ֆիլմերի ու կինոժառանգության նմուշների շարունակական ցուցադրումները չափազանց կարևոր են։
Հուշագրի վավերացման օրը՝ հունիսի 1-ը, պատահական չէր ընտրվել․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստել էր մանկական ֆիլմերի և մուլտերի զանազան փաթեթներ, որոնք էլ ցուցադրության համար՝ նույն օրը, փոխանցվեցին Տավուշ-TV-ին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է նաև կազմակերպել բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, երբ կնահանջի համաճարակը, և հնարավոր կդառնան ազատ շփումները։
