Նյու-Յորքում կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված ֆիլմերը

Շարունակվում է Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի արտասահմանյան ճամփորդությունը: Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը 2020 թ․հունիսի 26-ից առցանց կինոթատրոնի  ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան որմնանկարներ» (1966)։
FLC- ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։

Փարաջանովի այս երեք ուշագրավ վավերագրական աշխատանքները 2019 թ․ընտրվել էին Նյու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար:
«Հակոբ Հովնաթանյան» Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական Fixafilm ընկերության միացյալ ուժերով՝ «Համո Բեկ-Նազարյան. հայ կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում: Վերականգնման պրոդյուսերն է Դենիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են լոնդոնյան Kino Klassika հիմնադրամից:
Ի դեպ, Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) ցուցադրելու է նաև  տաղանդավոր ռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը:
Հիշեցնենք, որ 2018 թ. օգոստոսին հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցան Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։
2018թ․ լեհական FIXAFILM ընկերության կողմից առաջինը վերականգնվեց և թվայնացվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը։ Ֆիլմը թվայանցումից հետո ստացավ նոր կյանք ու շնչառություն։ Այն անմիջապես ցուցադրության հրավերներ ստացավ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարաններից։ Ցուցադրություների մեկնարկը տրվեց 2018 թ.-ին՝ ԱՄՆ-ի «Թելուրայդ» միջազգային կինոփառատոնից, իսկ արդեն 2019 թ.-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը ներկայացվեց Սերգեյ փարաջանովի 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար» համալիր ծրագրում։

Ազգային կինոկենտրոնը ներկայացրել է «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ցուցադրությունների ցանկը․Թելուրայդի միջազգային կինոփառատոն՝ ԱՄՆ, 2018 թ․
ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն՝ Լոնդոն, 2018թ.
BOZAR արվեստի կենտրոն՝ Բրյուսել, 2018 թ․
Ռոտերդամի միջազգային կինոփառատոն՝ Նիդերլանդներ, 2019 թ․
Pera թանգարան՝ Ստամբուլ, 2019 թ․
Ազգային պատկերասրահ՝ Լոնդոն, 2019 թ․
Close Up կինոթատրոն՝ Լոնդոն, 2019 թ.
Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն՝ 2019 թ․
Լինկոլն մշակութային կենտրոն Նյու Յորքի միջազգային կինոփառատոն՝ 2019 թ․
Curtas Vila do Conde, Պորտուգալիայի միջազգային կինոփառատոն ՝ 2019 թ․
Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն՝ 2019թ․
Սան Ֆրացիսկո՝ Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, ԱՄՆ, 2019 թ․
Կոպենհագենի Cinemateket, 2020 թ․
Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020 թ․
Նախատեսված – IN SITU Contemporary Art Foundation՝ Լեհաստան, 2020 թ․։

Facebook
Twitter
Telegram
Print
Email