Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրքի դեմ քրգործ է հարուցվել

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Ինսթագրամում հայտնի դարձած թուրք երգիչ Մուրաթ Օվյուչի դեմ, ով սոցցանցում ամերիկահայ հայտնի մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և հայերին անվանել էր զզվելի:
«Դուք՝ հայերդ զզվելի եք։ Ո՞վ ես դու, որ իմ օսմանցի պապերին բարբարոս ես անվանում», – հայտարարել էր թուրք երգիչը։
Օվյուչի դեմ դատական հայցը ներկայացրել է պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմը՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։
Օվյուչն այդպես էր արձագանքել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Քարդաշյանի գրառմանը։ Քիմն իր թվիթերյան էջում գրել էր.
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:
Հարցաքննության ընթացքում Օվյուչը նշել էր, որ այդ խոսքերն ուղղված էին միայն Քարդաշյանին, այլ ոչ թե հայերին, և Թուրքիայում ապրող հայերի դեմ ոչինչ չունի։
Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք և սպառնալիք տարածելու համար։

Facebook
Twitter
Telegram
Print
Email