«Ես նկարում եմ ծաղիկներ, նրանք չեն մեռնի» Ֆրիդա Կալո

Արտասովոր կին, որով հիանում է ողջ աշխարհը. հուլիսի 6-ին Ֆրիդա Կալոյի տարեդարձն է:
Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:
Ֆրիդայի ճակատագրական փորձությունները սկսվեցին վաղ տարիքից.  աղջկա մոտ հանկարծակի զարգացավ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար էր սովորաբար երկար շրջազգեստներ կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի:
Իսկ 18 տարեկանում  Կալոն քաղաքային ավտոբուսի մեջ վթարի ենթարկվեց: Տարավ 32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց. նա սկսեց իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ անել:
Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում: Գնալով վատանում է Կալոի առողջական վիճակը, կտրում են ոտքը, գանգրենայի պատճառով:

«Նրա նկարները նրա կենսագրությունն են »,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Իսկապես, Ֆրիդան ռեալիզմի ու ֆանտաստիակայի միաձուլմամբ, նկարների միջոցով պատմում էր իր կյանքում կատարվող իրադարձությունները: Իհարկե, Ֆրիդայի անվան կողքին միշտ հնչում էր ամուսնու՝ Ռիվերայի անունը, որի կյանքում Ֆրիդան այդպես էլ միակը չդարձավ:

Անկողնում գամված շրջանում Ֆրիդան ստեղծում է իր լավագույն նկարները, որոնք հետագայում մեծ ճանաչում են բերում նրան: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու Դիեգո Ռիվերային՝ «ծերուկին», որին ծաղրում էր դեռ դպրոցում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել:
Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը, որը շուտով հանգեցնում է ամուսնության: Դիեգոն հայտնի կնամոլ էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը:
«Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել»,- ասում էր նկարչուհին:

 Ֆրիդան հաշտվել էր ամուսնու դավաճանությունների հետ, նույնիսկ ինքն էր սկսել սիրավեպեր ունենալ այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն և Կարմիր բանակի հիմնադիր, ռուս հայտնի հեղափոխական Լև Տրոցկին: Փախչելով խորհրդային իշխանությունների հետապնդումներից` վերջինս քաղաքական ապաստան է ստանում Մեխիկոյում: Նա ապրում էր Դիեգո Ռիվերայի տանը, որտեղ էլ սիրավեպ է ունենում  Կալոյի հետ: Ֆրիդայի մյուս դժբախտությունը չծնված երեխաներն, որոնց մասին նույնպես ստեղծագործություններ կան:
«Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն…»,- կրկնում էր նկարչուհին:
Մահվանը առճակատված հզոր կինը՝ Ֆրիդան, սիրում էր ծաղիկներով պատել իրեն նաև նկարներում: Նա ասում էր՝ նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի:
Երբ 1954 թ. Ֆրիդան մահացավ, լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել` հոգնելով ցավից ու մենությունից: «Հուսով եմ` իմ հեռանալը ուրախալի է,- գրում է նա իր օրագրում,- և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա»:
Նրա կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին:
Այսպես ծաղիկների սիրահար Ֆրիդա Կալոն հայտնի դարձավ միայն մահվանից հետո և նրա մասին նկարահանվեց ֆիլմ, որն էլ 2002թ.-ին արժանացավ երկու «Օսկար»-ի: Ի դեպ ֆիլմում նկարչուհուն մարմնավորել է հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email