Հայտնի են Խաչատրյան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլի արդյունքները

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է հունիսի 6-15-ն առցանց անցկացվելիք մրցույթի երրորդ փուլի կատարման համար նախատեսված Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրությունները։ Խաչատրյանական մրցույթն այս տարի տեղի է ունենալու ջութակ մասնագիտությամբ և հեռավար՝ տեխնոլոգիական մի շարք նորարարությունների, արհեստական բանականության հնարավորությունների օգտագործմամբ։ Մասնավորապես, մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլում ջութակահարները հեռավար կարգով հանդես են գալու նվագախմբի հետ`կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրությունը կատարում է երաժիշտների առանձին խմբերով։ Մրցույթի մասնակից ջութակահարները հնարավորություն են ունենալու ծրագրավորման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստանալ նվագախմբի նվագակցությունը, ընտրել իրենց հարմար տարբերակն ու իրենց կատարումը հեռավար համադրել նվագախմբային նվագակցության հետ։ Այդ ամբողջ տեխնոլոգիան նորարարություն է երաժշտական կյանքում, որն իրականացվում է արհեստական բանականության միջոցով։
Նվագախմբային ձայնագրությունները կատարվում են 10 հոգանոց խմբերով՝ պահպանելով երաժիշտների միջև սոցիալական հեռավորությունը, կիրառելով կորոնավիրուսից անհատական պաշտպանության միջոցներ։ 
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Մայիսի 28-ին տեղի ունեցավ մրցույթի նախընտրական փուլը և  ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ անցան տասնինը մասնակից.
1. Բելլ Թինգ / Թայվան
2. Ջիման Վի / Կորեայի Հանրապետություն
3. Մեթյու Չին/ Հոնկոնգ (Չինաստան)
4. Կրիստինա Սուխովա / Ռուսաստան
5. Լուկաս Դեբրո / Ֆրանսիա
6. Ֆելիքս Հարությունյան / Հայաստան
7. Յանիս Գրիսո / Լյուքսեմբուրգ
8. Յիուն Ջանգ / Կորեայի Հանրապետություն
9. Յանհյուն Լի / Կորեայի Հանրապետություն
10. Լորենց Կարլս / Շվեդիա
11. Ջունգյուն Փարք / Կորեայի Հանրապետություն
12. Ռայան Հաուլենդ / Կանադա
13. Յեն Վան / Թայվան
14. Դիանա Ադամյան / Հայաստան
15. Սոնա Արզումանյան / Հայաստան
16. Մայքլ Գերմեր / Դանիա
17. Ալեքսանդրոս Պետրին / Հունաստան
18. Նաոկո Թաջիմա / Ճապոնիա
19. Ջովանա Ռալջիկ / Ավստրիա

Facebook
Twitter
Telegram
Print
Email