Հոբելյանական տարի՝ Վանաձորի Հովհ. Աբելյան թատրոնի համար

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է հիմնադրման 90-ամայկը: Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես կգա առաջնախաղերով, առցանց նախագծերով և իր պատմությունը կհանրահռչակի բացառիկ նմուշների ցուցադրությամբ:

Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը Yerevanevents.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկար ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի բեմադրման վրա: Փորձերն ընթանում են, և ներկայացումը բեմ կբարձրանա աշնանը՝ բացելով թատրոնի 90-րդ թատերաշրջանը:
«Սա դասական ստեղծագործություն է: Կարծում եմ՝ հատկապես մեր օրերում այն շատ անհրաժեշտ է և արդիական ուղերձներ ունի: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի գրեթե բոլոր դերասանները և երեք դերասանուհի, ընդգրկվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանը, որը մարմնավորելու է Գագիկ թագավորին»,- նշեց Փելեշյանը:
Ներկայացումը ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Թատրոնը հոբելյանի առթիվ նաև այլ նախաձեռնություններ կիրականացնի նախարարության հետ համատեղ։

Հոբելյանական է նաև Վինա Դելմարի «Հիշի՛ր վաղվա օրը» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է: Այն նվիրվում է ՀՀ ժող. դերասանուհի, արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 90-ամյակին: Այս բեմադրությունը ևս աշնանը կհանձնեն հանդիսատեսի դատին: Գլխավոր դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի թե՛ երիտասարդ, թե՛ միջին սերնդի դերասանները:
«Հոկտեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Կխաղանք Հովհաննես Թումանյանի «Անուշը», որի բեմադրիչը Վահե Շահվերդյանն է, «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրը» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները»,-տեղեկացրեց Փելեշյանը:
Անդրադառնալով բացօթյա ներկայացումներին՝ թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն շեշտեց, որ մեկնարկը տվել են դեռ հունիսին՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի խնձորի այգում՝ ներկայացնելով «Խնձորի այգին» բեմադրությունը, որի ռեժիսորը նույնպես  Շահվերդյանն է: Հուլիսին կրկին խաղալու են այն:
«Մենք  թատրոնն առաջիններից էր, որը համավարակի տարածման ընթացքում բացօթյա բեմ պատրաստեց և մանկական ներկայացումներ ձեռնարկեց այդ հարթակում: Այն մեզ համար դարձավ շարունակական ավանդույթ: Կարևորում եմ նաև առցանց ծրագրերը. թատրոնի ֆեյսբուքյան էջով և յութուբյան պաշտոնական ալիքով ցուցադրվում է «Թատրոնն էկրանին» նախագծի ֆիլմերի շարքը: 90-ամյակին ընդառաջ 15 ֆիլմ կհրապարակվի: Սեպտեմբերից նաև տոմսերի օնլայն վաճառք կլինի»,- նշեց նա:

Նախատեսվում է նորոգել թատրոնի ճեմասրահը, որտեղ կցուցադրվեն թատրոնի պատմությունը ներկայացնող արխիվային նյութեր, հագուստներ, որոնք այժմ չեն օգտագործվում, սակայն ժամանակին կրել են ականավոր դերասանները և այլ արժեքավոր ցուցանմուշներ:
Գոռ Փելեշյանի խոսքով՝ թատրոնի ամբողջ անձնակազմը երազում է, որ թատրոնի շենքն ամբողջովին վերանորոգվի և նոր շնչով ընդունի հանդիսատեսին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email