Փետրվարի 17-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» պիեսի համանուն բեմադրության առաջնախաղը:
Ներկայացման գաղափարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանինն է, որի բեմադրումը կիսատ է մնացել վարպետի անժամանակ մահով:Այն կյանքի է կոչել թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ իր խնդիրը վարպետի վերջին խոսքը հնարավորինս իր ոճով ու ասելիքով հանդիսատեսին հասցնելն է եղել: «Փորձել եմ չխառնվել Վահե Շահվերդյան ռեժիսորի գործին ու նրա լուծումներն իմը չդարձնել»,-շեշտում է Սարգիս Մանուկյանը:

Ներկայացման մեջ ընդգծված է ազատատենչ կնոջ և կնոջը հնազանդեցնելու համար ամեն բանի պատրաստ տղամարդու հակամարտությունը: Առանցքում նաև շահամոլությունն է:
Գլխավոր կերպարներից Լեոն, որին մարմնավորում է Էդգար Քոչարյանը, թեթևաբարո տիկնոջ հարստությունը շորթելու նպատակով սիրախաղ է սկսում նրա հետ:
«Ընթացքում նա սիրում է այդ կնոջը: Մի գնդակով երկու նապաստակ է խփում և տիրանում է հարստությանն ու կարողանում է արժանանալ այդ կնոջ՝ Մարգարիտայի սիրուն»,-պատմում է դերասանը:

Նոնա Սաֆարյանին հեշտ չի տրվել Մարգարիտայի դերակատարությունը՝ նա երկար ժամանակ փորձել է գտնել կերպարի նաև դրական կողմերը:
«Անչափ ուրախ ու շնորհակալ եմ Սարգիս Մանուկյանին, որ պահպանել է ամեն ինչ գեղեցիկ անելու գաղափարը, որովհետև նման ստեղծագործություններում շատ հեշտ է գնալ գռեհկության, մի անփույթ շարժում ու կարող ես գեղեցկությունը փչացնել»,-շեշտում է Նոնան:

Ներկայացման մեջ զբաղված են Վահրամ Խառատյանը, Ալլա Դարբինյանը, Արման Կոլոսովը, Արթուր Պապիկյանը, Էդգար Բարսեղյանը, Թինա Գալոյանը, Քրիստինե Ալիխանյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Արսինե Արսենյանը, Արման Սաքանյանը, Հակոբ Դեմիրճյանը, Արմեն Չարչյանը, Մարիամ Ղևոնդյանը, Արփինե Հակոբյանը, Արաքսյա Քոչարյանը, Գայանե Վարդանյանը, Անի Աբրահամյանը, Աննա Քոչինյանը:
Նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, պարերը` Արման Սաքանյանի:

