Աբելյանցիները կխաղան փոքրիկ հանդիսատեսի համար

Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պատճառով երկար ու հարկադիր դադարից հետո՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները թատրոնի ետնաբակում հանդես են եկել «Հեքիաթը մեր այգում» բացօթյա մանկական ներկայացմամբ։ 

«Մեր կրտսեր հանդիսատեսի կողմից ներկայացումը սիրվեց, որի վառ ապացույցը երեխաների ջերմ ու ոգևորված տրամադրություններն էին»,-նշում է թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը, ընդգծելով՝ բացօթյա ներկայացումները կրելու են շարունակական բնույթ։
Ներկայացման ռեժիսոր Արամ Մխիթարյանը ներկայացման մեջ ընդգրկել է թատրոնի և՛ երիտասարդ և՛ միջին սերնդի դերասաններին։

«Մանկական ներկայացումից զատ՝ աբելյանցիները պատրաստվում են Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» բացօթյա ներկայացման առաջնախաղին: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Ի դեպ ներկայացումը տեղի կունենա հենց Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում՝ նվիրված արձակագրի 130-ամյա հոբելյանին»,-նշում է Գոռ Փելեշյանը: Ներկայացման առաջնախաղը նախատեսված է սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, որի տոմսերը, սակայն, արդեն սպառվել են

Facebook
Twitter
Telegram
Print
Email