Հաղթանակի կամրջին ամենաերկար գաթայով կնշենք թագավարակի հաղթահարումը

Մեկ գաղափարի շուրջ համախմբվելու և այդ նպատակին հասնելու լավագույն գրավականը գրագետ ու պրոֆեսիոնալ թիմային աշխատանքն է: Սա թիմի յուրաքանչյուր անդամի համար հրաշալի միջոց է սեփական հնարավորությունները հասկանալու և մյուսներին օգնելու համար: Այդպիսի նախագծերն ու աշխատանքներն ամենից շատն են արժանանում լայն շրջանակների հավանությանը կամ հավակնում որևէ հաղթանակի: Չկրկնվող գաղափարներով ու  լայնամասշտաբ նախագծերով հանդես եկող «Երեմյան Փրոջեքթս» և SPRING PR ընկերությունների համատեղ թիմը նոր գաղափար ունի՝ Հաղթանակի կամրջի ամբողջ երկայնքով բացելու ամենամեծ, ամենասպասված ու գաթայով զարդարված ամենաերկար սեղանը:

Թիմը վստահ է՝ սա կլինի համավարակի դեմ մեր հաղթանակի լավագույն խորհրդանիշը: Ոչ միայն այս, այլև՝ համերաշխ թիմային աշխատանքի և հասարակական նշանակություն ունեցող նախագծեր ստեղծելու կարևորության մասին DVV International Armenia«ՑանցԱՌ_ՍԱՐԴ» ինովացիոն գաղափարների դուրսբերման եռօրյա առցանց փառատոնի շրջանակում խոսել է SPRING PR ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը: Առցանց միջոցառմանը, որի նպատակն էր հնարավորություն տալ մարզային թիմերին հանդես գալ միջոցառումների և դրանց կազմակերպման ինովացիոն գաղափարներով, իրենց զեկույցներն են ներկայացրել հայաստանյան լավագույն մասագետները. նրանք կիսվել են միջոցառումների, փառատոնների կազմակերպման իրենց փորձով, ներկայացրել են մասշտաբային, լայն տարածում գտած այնպիսի միջոցառումներ և հաջողված նախագծեր, ինչպիսիք են Sevan Startup Summit-ը, Արենիի գինու փառատոնը, և EduCamp-ը:
Նվարդ Մելքոնյանն իր՝ «Հանրօգու՞տ թե՞ ի նպաստ հեղինակության. երբ բրենդը ստեղծում է հանրային բարիք» թեմայով զեկույցում անդրադարձել է հայաստանյան խոշոր ռեստորանային ցանց ներկայացնող ընկերության՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից պատրաստված Գինեսի ռեկորդակիր, ամենաերկար գաթայի միջոցառմանը՝ որպես հաջողված և հասարակական լայն հնչեղություն ստացած իրադարձություն:

«Կյանքն ինքնին իրադարձությունների շղթա է: Իրադարձությունները մեր կյանքում փոխոխություններ են առաջացնում, դրանք տպավորվում են, քննարկվում, հիշվում, իսկ հետագայում էլ՝ վերապատմվում ու փոխանցվում սերնդեսրունդ: Անգլերեն event բառը թարգմանվում է և´ որպես իրադարձություն, և´ որպես միջոցառում: Որոշ իրադարձություններ մենք կյանքում զուգորդում ենք միջոցառումներով, օրինակ՝ ծննդյան օրերը, հարսանյաց տոնակատարությունները և այլն: Հնարավոր են իրավիճակներ, երբ միջոցառումն է դառնում կյանքում կարևոր իրադարձություն՝ օրինակ հաղթանակը որոշակի մրցույթում, կամ WCIT ՏՏ կամ Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովները Հայաստանում հյուրընկալելը: Ցանկացած իվենթ իրականում միջոցառում է, և միայն հմուտ և պրոֆեսիոնալ event manager-ների շնորհիվ միջոցառումները դառնում են կյանքի իրադարձություն, ոչ միայն առանձին անհատի կամ կազմակեպության, այլև մի քաղաքի, երկրի համար»,-նշել է Նվարդ Մելքոնյանը:

SPRING PR ընկերությունն իր տասնմեկ տարվա գործունեության ընթացքում թիմի և գործընկերների հետ միասին նախաձեռնել ու կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք դարձել են նշանակալի, հիշվող և սպասված բոլորի համար»- նշել է Նվարդ Մելքոնյանը:
Երեմյան Փրոջեքթս»-ի և SPRING PR-ի թիմն ամենամեծ գաթայի հյուրսասիրությունն առաջին անգամ կազմակերպել էին 2018 թվականին՝ նվիրված «Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղի 4 ամյակին: Բազմաթիվ դրական արձագանքներ ստանալուց հետո, արդեն հաջորդ տարի՝ 2019-ին սկսվեցին ամենաերկար գաթայի պատրաստման և հյուրասիրության նախապատրաստական աշխատանքներն ու Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակի հետ բանակցությունները:

Ինչպես իր ելույթում նշեց Նվարդ Մելքոնյանը՝ բանակցությունները եղել են բավականին բարդ ու երկարատև, բայց երկու ընկերությունների թիմերը, ի վերջո, հասել են նրան, որ Գինեսի գրքում գրանցվի հենց ԳԱԹԱ-ն, և ոչ հայկական թխվածքը կամ աղանդերը:

«2018 թվականի սեպտեմբերի 28-ին, որպես մայրաքաղաք Երևանի 2800 ամյակի յուրահատուկ նվեր, «Երեմյան Փրոջեքթս»-ը քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախաձեռնեց «Աշխարհի ամենամեծ գաթան» մասշտաբային նախագիծը և սահմանեց ռեկորդ: 368.6 կգ քաշով 60 մ երկարությամբ և 37 սմ լայնությամբ գաթան գրանցվեց Գինես ռեկորդների գրքում՝ Հայաստան հատուկ այցով ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտր Ջոանա Մարի Բրենտի կողմից: Կարապի լճի տարածքում անցկացված աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը մեծ իրադարձություն էր, և իր շուրջն էր համախմբել հարյուրավոր երևանցիների, մայրաքաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների: Միջացառման մասին նյութեր հրապարակվեցին տեղական ու արտասահման բազմաթիվ լրատվամիջոցներում: Ի դեպ՝ միջոցառումը Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի EVENTIADA IPRA GOLDEN WORLD AWARDS 2018-ի հատուկ մրցանակի է արժանացել: «Երեմյան Փրոջեքսթս»-ը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը հավաստող վկայականը նվիրեց Երևանին, այն գտնվում է քաղաքապետարանում: Այսպիսով՝ ըստ էության, կորպորատիվ միջոցառումը դարձավ քաղաքի սիրված տոներից մեկը, զբոսաշրջիկներն էլ «Երեմյան Փրոջեքսթս»-ի ռեստորաններ գալիս էին ճաշացանկերում ներառված Ռեկորդակիր գաթան համտեսելու»:

Համավարակով պայմանավորված իրավիճակն ուղղակիորեն ազդել է նաև event-management-ի ոլորտի վրա: Արդեն տևական ժամանակ է՝ բոլոր երկրներում արտակարգ դրության պատճառով խոշոր և մարդաշատ միջոցառումները հիմնականում արգելված են. որոշները չեղարկվել են, որոշները՝ հետաձգվել, ինչպես օրինակ` Օլիմպիական խաղերը: Մասնակիցների այն հարցին, թե ինչ ճակատագիր կունենա «Ամենաերկար գաթա» միջոցառումը, Նվարդ Մելքոնյանը պատասխանեց.
«Մենք «Ամենաերկար գաթա» միջոցառման անցկացման մի քանի սցենար ունենք. կարող ենք այն չեղարկել՝ խուսափելով մարդաշատ միջոցառումներից, կարող ենք հետաձգել՝ խոստանալով, որ 2021-ին կրկնակի ռեկորդ կսահմանենք, կարող ենք մոդիֆիկացնել այն և օնլայն հարթակում համտեսենք գաթան, կամ կարող ենք գաթան պատրաստել մեր ռեստորաններում ու մարդկանց հատուկ խմբերի առաքել: Բայց կարող ենք առաջարկել միանգամայն նոր տարբերակ ու մոտեցում: Մեր թիմերում մենք մեծ ոգևորվածությամբ էինք քննարկում այս տարբերակները, և բոլորիս համար շարժիչ ուժը հույսն ու զգացմունքներն էին: Եվ մենք հավատում ենք, որ Երևանի Հաղթանակի կամուրջը ինչպես Պրահայում Կառլի կամուրջը, կդառնա թագավարակը հաղթահարալու խորհրդանիշը: 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Հաղթանակի կամուրջի ամբողջ երկայնքով կգցենք ամենահայկական, ամենաքաղցրահամ ու ամենասպասված գաթայի ամենաերկար սեղանը: Մենք կունենանք մեր ևս մեկ հաղթանակը, որը օրինակ կլինի բոլորի համար և տարբեր քաղաքներում, երկրներում կենտրոնական կամուրջները նույնպես կդառնան այս սպասված հաղթանակի խորհրդանիշը»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email