ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա է եղելլ նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորությամբ և նախարարի տեղակալի մասնակցությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, ՅՈՒԵՆՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն և Անրի Վերնոյի դուստր Սոֆի Մալաքյանը:

Իր ելույթում ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդներից է, նշանավոր արվեստագետ, ով, ամբողջությամբ ինտեգրված լինելով ֆրանսիական մշակույթին, հավատարիմ մնաց իր հայկական ինքնությանը: Նրա կինոժառանգության դերը համաշխարհային կինոարվեստում անգնահատելի է, իսկ բազմաժանր ստեղծագործություններն ու յուրօրինակ ռեժիսորական ոճը չեն ենթարկվում որևէ դասակարգման:
Վահրամ Դումանյանը հավելել է, որ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված այս միջոցառումն ունի կարևորագույն նշանակություն ոչ միայն վաստակաշատ կինոգործչի հիշատակը վառ պահելու, այլև հանրությանը բարձրորակ արվեստը ներկայացնելու տեսանկյունից, և շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման գործում ավանդ ունեցած բոլոր գործընկերներին:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան նշել է, որ ֆրանսիական արվեստն ու մշակույթը հարուստ են հայկական ծագմամբ արվեստագետների ավանդների շնորհիվ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմը, և տեղի է ունեցել համերգ, որին զուգահեռ ցուցադրվել են Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email