Կայացավ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը

Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։

«Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:



Վարպետը, որ իր ողջ գործունեության ընթացքում ֆիլմեր է արել ու լռել, միջոցառումը զարդարել է իր կյանքի մասին հուշերով․ «Տարիներ առաջ ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի Կիև՝ խոսելու Փարաջանովի հետ: Տարբեր թեմաների մասին խոսեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք մեկ ժամից ավելի, և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եկավ: Փոստի աշխատակցուհին էր։ Ասաց, որ վճար չի վերցնելու շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազանգի դիմաց, քանի որ այնպիսի զրույց, ինչպիսին իմ և Փարաջանովինն էր, իր կյանքում երբևէ չէր լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ։ Ես սիրով համաձայնեցի և հրավիրեցի հյուրանոց՝ հաջորդ օրը հանդիպելու և ծանոթանալու։ Հիանալի մարդ էր այդ կինը։ Մի հերթական զրույցի ժամանակ էլ ասաց՝ ես կարող եմ անվճար խոսել արտերկիր, երբ ցանկանամ։ Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»։


Երեկոյի ընթացքում Փելեշյանի մասին հուշերով կիսվել են նաև կինոգետներ Անետա Երզնկյանը և Սիրանույշ Գալստյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email