NASA-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում

Ամերիկացի տիեզերագնացներ Դուգլաս Հարլին և Ռոբերտ Բենկենը,  բարեհաջող կերպով վերադարձել են ուղեծրից` վայրէջք կատարելով Մեքսիկայի ծոցում: Սա 45 տարվա ընթացքում ՆԱՍԱ-ի տիեզերագնացների առաջին նման վայրէջքն էր և իսկական փորձություն Իլոն Մասկի Space X ընկերության համար:
Space X-ի «Crew Dragon» տիեզերանավը տիեզերք էր մեկնել մայիսի 30-ին և միացել Միջազգային տիեզերակայանին: Դա պատմական թռիչք էր. 2011 թ.-ից ի վեր առաջին անգամ էր, որ ամերիկյան տիեզերանավը տիեզերագնացներով դուրս էր եկել Երկրի ուղեծիր: Բացի այդ, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներն առաջին անգամ են տիեզերք մեկնել կոմերցիոն տիեզերանավով:
Սա իսկապես մեծ ձեռքբերում է Space X-ի և ընդհանրապես կոմերցիոն տիեզերագնացության համար: Հիշեցնենք, որ ՆԱՍԱ-ն իր տիեզերագնացներին ուղեծիր տանելու համար կօգտվի ոչ թե ռուսական հրթիռներից, այլ ամերիկյան կոմերցիոն ընկերության ծառայություններից:

Facebook
Twitter
Telegram
Print
Email