Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը

Հատուկ ցուցադրություն ARARAT լեգենդար հայկական կոնյակների աջակցությամբ:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմի ցուցադրությունը կկայանա Արտավազդ Փելեշյանի պատվավոր ներկայությամբ:

«Բնություն» ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցությամբ։
Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։

Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպես է ներկայացնում ռեժիսորին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը New York Film Festival:
«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ New York Film Festival-ի փառատոնում, հանրահայտ Lincoln Center-ում:
Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային  թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացավ նաև «Life achievement award» հատուկ մրցանակի։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար:
Վերջերս ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի հայտնի կինոփառատոնին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email