Գրիմ եղբայրների՝ թափառաշրջիկ երաժիշտների և նրանց արկածների մասին պատմող «Բրեմենյան երաժիշտները» հեքիաթը, որը մեծ ժողովրդականություն է վայելել նաև համանուն խորհրդային մուլտֆիլմի շնորհիվ, տասը տարվա դադարից հետո վերադառնում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ:
Տարիներ առաջ փոքրիկներն այն դիտել են Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ, որն արվել է Վիգեն Ստեփանյանի պիեսի հիման վրա։ Ներկայացումն այժմ այն նոր ոգով բեմադրել է Արման Միրիջանյանը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ գունագեղ, պայծառ երաժշտական ներկայացման առաջնախաղը կայաել է դեկտեմբերի 22-ին:
«Բրեմենյան երաժիշտները» 2022-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի չորրորդ ներկայացումն է: Որպես բեմադրության հենք ծառայել է հենց գրական ստեղծագործությունը: Ամանորյա տոներին սա լավագույն նվերն է և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Նրանք կարող են գալ թատրոն ու վայելել այս գեղեցիկ, գունեղ երաժշտական ու պարային ներկայացում՝նշել է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ու հավելել՝ արել են հնարավորը 21-րդ դարի փոքրիկներին հետաքրքրելու համար:
Ներկայացման գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանի խոսքով՝ թատրոնը միայն չի դաստիարակում երեխաներին, այլև կարևոր է ծնողների համար:
Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ դերասանները, սակայն փայլուն խաղով առանձնանում է թատրոնում երկար ճանապարհ անցած դերասան Արա Մաթևոսյանը, որը կերտել է թագավորի կերպարը:
Հրաչյա Գասպարյանի խոսքով՝ Մաթևոսյանն իր ներկայությամբ ստիպում է աշխատել երիտասարդներին և հենց բեմում վարպետաց դաս է անցկացնում նրանց համար: «Շատ հետաքրքիր կերպար է ստեղծել պարոն Մաթևոսյանը, կասեմ՝ վարպետը»,-ասում է Գասպարյանը:
Մաթևոսյանին երիտասարդ դերասանների հետ աշխատանքը մեծ հաճույք է պատճառում, քանի որ բոլորն էլ շնորհալի են ու խոստումնալից ապագա ունեն: Նա դժվարանում է ասել, թե ներկայացումը որքանով է ստացվել, քանի որ անընդհատ բեմում է ու անգամ չի կարողանում կուլիսներից հետևել ընթացքին, սակայն կարևորում է այն ուղերձները, որոնք բեմադրության միջոցով փոխանցելու են հանդիսատեսին:
Ներկայացման մեջ հնչում են խորհրդային մուլտֆիլմից հայտնի ու սիրված երգերը, բայց՝ հայերեն թարգմանությամբ: Երաժշտությունը նոր գործիքավորմամբ մատուցում է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, խորեոգրաֆն Անահիտ Ենոքյանն է, բեմադրիչը՝ Արման Միրիջանյանը, բեմանկարիչն Անտոն Քեշիշյանն է, կոստյումների հեղինակը Նաիրա Նիազյանն է: