«Դեկամերոն». Մայր թատրոնը մեկնարկում է 99-րդ թատերաշրջանը բացօթյա ներկայացմամբ

Թատրոնը սկսվել է հրապարակից ու նորից վերադառնում է հրապարակ՝ ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը թատրոնի՝  99-րդ թատերաշրջանի մեկնարկին ընդառաջ, որը կտրվի իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» հայտնի ստեղծագործության հիման վրա բեմադրված բացօթյա ներկայացմամբ: Այս առիթով թատրոնը, պարտադրված դադարից հետո, սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ կիսվելու թատրոնում սպասվող ներակայցումների, առաջիկա գործունեության կազմակերպման մասին:
«Թատրոնն օգնում է մարդկությանն ազատագրվել իր շուրջ տիրող քաոսից»,- ընդգծեց Արմեն Էլբակյանը, հավելելով,-«թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, և այս շրջանում այն նոր արտահայտչամիջոցնր է փնտրել հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար: Պատահական չէ, որ մեր թատրոնը փորձեց դուրս գալ մեծ բեմի շրջանակներից, և ստեղծվեց այս` Black Box հարթակը: Այո´, թատրոնը սկսվել է հրապարակից ու նորից վերադառնում է հրապարակ»:

«Դեկամերոն» ներկայացման վարկածի և բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է, ով նաև զբաղված է ներկայացման մեջ՝ որպես գլխավոր հերոսուհիներից մեկը: Ներկայացման մեջ զբաղված են նաև  թատրոնի դերասանուհիներ Մարիամ Դավթյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Մարիամ Շահինյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Գասպարյանը, Գայանե Մողրովյանը: Նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը` Մարի Սարգսյանը, իսկ երաժտության և երգերի հեղինակը՝ Մարիամ Շահինյանը:

Սեր, խարդավանք, խնջույքներ և ժանտախտ. «Դեկամերոն» ստեղծագործության մեջ կարմիր գծով անցնում են երևույթներ, որոնք բնորոշ են նաև մեր օրերին, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի բեմադրվի հենց ստեղծագործությունը:
«Այս գործի իրադարձությունները որոշ չափով հիշեցնում են մեր օրերը, մեր հոգեվիճակը: Եվ երբ  հարց առաջացավ, թե ինչ բեմադրել, միանգամից «Դեկամերոնը» եկավ միտքս»,-նշեց Լիլի Էլբակյանը, ընդգծելով, որ չափազանց դժվար է եղել զբաղված լինել և որպես բեմադրիչ, և որպես դերասանուհի, սակայն առավել շատ նրանց խանգարել է թատրոնից դուրս՝ այլ միջավայրում լինելը,- «արև էր, շոգ էր, քամի էր դրսում: Մենք բոլորս անսովոր վիճակում էինք հայտնվել: Եթե թատրոնի բեմը բերում է մթնոլորտ, ապա դրսում ամեն ինչ խանգարում է, բայց փորձել ենք անել հնարավորը գեղեցիկ, հետաքրքիր լուսային էֆեկտներով հարուստ բեմադրություն ստանալու համար»:

Անդրադառնալով բաց տարածքում ստեղծագործելու և  նոր ներկայացման կայացմանը, թատրոնի տնօրեն վարդն Մկրտչյանն ընդգծեց՝ Մենք ոչ թե ադապտացրել ենք ինչ-որ ներկայացում, որը բերել ենք բաց տարածք, այլ բեմադրել ենք նոր ներկայացում, փոխել ենք մեր թատրոնի բակի մթնոլորտը, զրոյից ստեղծել ենք ամեն ինչ: «Կարծում եմ` մեր հանդիսատեսին շատ հետաքրքիր պահեր են սպասում»,-նշեց Մայր թատրոնի տնօրենը, հավելելով, որ միննչև հոկտեմբերի 18-ն են ներկայացումը խաղալու դրսում, իսկ հետո չի բացառվում, որ ներկայացումը ցուցադրվի նաև թատրոնի դահլիճում: Անդրադառնալով հակահամաճարակային կանոների պահպանմանը, Վարդան Մկրտչյանն ընդգծեց՝ կրճատելով հանդիսատեսի քանակը, ավելացրել են ներկայացումների թիվը, քանի որ սպասվող առաջնախաղի համար տոմսերն արդեն սպառված: Ի դեպ «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 25, 26, 27-ին, ժամը՝ 20:00-ին

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որն ընդգծեց՝  համավարակն իսկապես փոխում է հանդիսատեսի և թատրոնի հարաբերությունները, որակը, թատրոնի ընկալման տրամաբանությունը:
«Պատմականորեն թատրոնը եղել է բաց, հրապարակային հանդիսություն: Կարծես թե հիմա թատրոնը ետ է նայում դեպի իր խոր անցյալը, և պարզվում է, որ այն իր հմայքը չի կորցնում անգամ այն դեպքում, երբ դուրս է գալիս բեմական «տուփի» տարածքից, պատերից: Դուրս գալով այդ բնական տարածքից` այն ձեռք է բերում նաև կինեմատոգրաֆիական հմայք: Իսկ ինչ վերաբերում է Մայր թատրոնին՝ այն հնագույն ավանդույթներ պահող, պահպանող, միևնույն ժամանակ արտակարգ նոր ու անսպասելի դրսևորումներով հանդես եկող թատրոն է»,-եզրափակեց փոխնախարարը:

 

Լուսանկարները՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեիական թատրոնի

 

Facebook
Twitter
Telegram
Print
Email