ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են Արցախում կատարվող գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ
«Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում՝ շփման գծից հեռու գտնվող թիրախների դեմ և անհանգստություն հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: Քաղաքացիական անձանց թիրախավորումը, նրանց վրա հարձակումները ցանկացած հանգամանքներում անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում լիարժեքորեն կատարել քաղաքացիական բնակչության պաշտպանության մասով ստանձնած իրենց միջազգային պարտավորությունները։
Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերը։
Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել առարկայական բանակցությունները` բարեխղճորեն և առանց նախապայմանների։
Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հայտարարել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի հետ համատեղ»։

Facebook
Twitter
Telegram
Print
Email