«Երեմյան Փրոջեքթսի» նպատակն է ստեղծել օրինակելի և հաջողված փորձ ֆերմերային տնտեսությունների համար.Անահիտ Գևորգյան

Հունվարի 18-ին ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակում, Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ տեղի ունեցավ գործարարների և կանաչ, օրգանական մթերք արտադրողների հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ ձեռներեցը հնարավորություն կունենար առաջարկելու առողջ և անվտանգ մթերք, իսկ սպառողը կկարողանար տեղում ծանոթանալ ֆերմերային տնտեսությունների օրգանական արտադրանքին, ձեռք բերել կապեր՝ հետագա համագործակցությունների համար։ Կանաչ և օրգանական գյուղմթերք արտադրողները ներկայացրեցին իրենց արտադրանքը՝ միրգ, բանջարեղեն, չրեր, մեղր, գինի և այլ բարիքներ, պատմեցին դրանց աճեցման և մշակման կանաչ մեթոդների, առողջության ու բնության համար դրանց դրական ազդեցության մասին։

Միջոցառմանը ներկա էին նաև գործարարներ, HoReCa ոլորտի ներկայացուցիչներ։ Հայաստանի ռեստորանային ոլորտի առաջատար ընկերություններից «Երեմյան Փրոջեքթս»-ի PR-ղեկավար Անահիտ Գևորգյանը հանդիպման ընթացքում կիսվեց «Երեմյան Փրոջեքթսի»՝ ոլորտում ունեցած փորձով և մասնավորապես նշեց.
«Մեր գործունեության տասնհինգ տարիների ընթացքում առաջնորդվել ենք միայն մի սկզբունքով՝ աշխատել որակյալ և բնական մթերքներով։ Բնական մթերքի կանոնավոր մատակարարում ապահովելը չափազանց բարդ գործընթաց է, և այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ։ Ուստի մենք 2017 թվականին սկիզբ դրեցինք From Farm to Table «Գյուղից՝ սեղան» հայեցակարգին, իսկ այսօր արդեն կիրառում ենք From Seed To table «Սերմից՝ սեղան» հայեցակարգը»։

Ելույթում Անահիտ Գևորգյանը խոսեց «Սերմից՝ սեղան» հայեցակարգի մանրամասներից.
«Երեմյան Փրոջեքթսը» այս հայեցակարգի շրջանակում 2019 թվականին Դիլիջանում խոզաբուծական, իսկ Ջերմուկում տավարաբուծական ժամանակակից ֆերմաներ է հիմնել, որտեղ պահվում են Եվրոպայից ներկրված բարձրարժեք գենետիկայով կենդանիներ։ Ընկերությունը ամբողջական փակ ցիկլ ապահովելու նպատակով «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում հիմնել է նաև կերաղաց, որտեղ հատուկ վերամշակում է անցնում կենդանիներին մատակարարվող կերը, և խոհանոց-գործարան, որտեղ պատրաստվում է ընկերության գյուղատնտեսական արտադրանքը։ 2020 թվականին համավարակի ճգնաժամային պայմաններում «Երեմյան Փրոջեքթսը» ռեստորանների համար նախատեսված եվրոպական չափանիշներին համապատասխանող, բարձր որակ բնական կաթնամթերքի լայն տեսականին՝ «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի ներքո դուրս բերեց լայն սպառման շուկա:
«Մեր նպատակն է եղել ստեղծել օրինակելի և հաջողված փորձ, որը կխթանի ֆերմերային տնտեսությունների ու տեղական արդադրանքի կայուն զարգացումն ու մրցունակության բարձրացումը»,- հավելեց Անահիտ Գևորգյանը։

(EU-GAIA) Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ EU-GAIA ծրագիրը միտված է նպաստելու կայուն, նորարարական և շուկահեն ագրոբիզնեսի զարգացմանը: Նշենք, որ EU-GAIA ծրագրի տևողությունը 42 ամիս է 2019 թ.-ի հոկտեմբերից մինչև 2023 թ.-ի մարտ։Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար թիրախային մարզերն են Շիրակը, Լոռին և Տավուշը, իսկ օրգանական գյուղատնտեսության համար ամբողջ Հայաստանը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email