Եվրոխորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր հնչեցին

Եվրոպական խորհրդարանում քննարկումներ են կայացել Արցախ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, ինչպես նաև ռազմատենչ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով՝ որպես օրինակ նկատի ունենալով բլոգեր Նեհման Հուսեինովի ձերբակալությունը:

Քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին:
Նախքան բուն քննարկումներին անցնելը՝ ելույթով հանդես եկավ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռելը։ 
 Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հնչեց՝ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական միջոցներով։ Բոռելն ընդգծեց՝ իրենց դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների: 
Քննարկմանը մասնակցող 30 և ավելի ավելի պատգամավորների մեծ մասը խստագույնս քննադատեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը տարածաշրջանում, շատերն անդրադարձան Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությանը։ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան առավել ակտիվ քննադատում էին ազգությամբ ֆրանսիացի և հույն պատգամավորները։ Նրանք իրենց ելույթում  նշեցին՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, Հայոց ցեղասպանության շարունակությունն է թուրքերի կողմից:
Հույն պատգամավորը կոնկրետ հարցադրում արեց՝ Մինչև ե՞րբ է ԵՄ-ն հանդուրժելու Թուրքիայի այս անընդունելի վարքագիծը։ Պատգամավորը հայտնեց հայկական բանակին կամավոր կերպով միանալու իր ցանկության մասին։
Շվեդիայի դեմոկրատական կուսակցությունից Չարլի Վայմերը քննադատեց Ալիևին և իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին, պաշտպանեց Արցախի ինքնորոշման իրավունքը։
Սակայն մյուս թևում գտնվող և միակ պատգամավորը, որը բացահայտ ադրբեջանամետ և թուրքամետ ելույթ ունեցավ, հունգարացի  «Յոբբիկ» կուսակցության փոխնախագահ Մարտոն Գյոնգյոսինն էր, ով պնդում էր՝ կարևոր չէ, թե որ կողմն է սկսել մարտական  գործողությունները, ըստ միջազգային իրավունքի՝ տարածքը պատկանում է Ադրբեջանին։
Մոտ երկու ժամ տևած քննարկման արդյունքում փոխնախագահ Բոռելը հայտարարեց, որ ԵՄ-ն որոշել է վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email