Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրեն

Ֆրանսիական հանրահայտ Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է դարձել ֆրանսահայ անվանի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը։

Այս մասին տեղեկանում ենք միջազգային հայտնի պարբերականներից։  
Ի դեպ, ֆրանսահայ օծանելիքագործն արդեն իսկ ստեղծել է երկու օծանելիք Դիորի համար: Նա օծանելիքի աշխարհում իր անունը ձեռք է բերել 24 տարեկանում՝ ստեղծելով «Le Mâle»-ը Ժան-Պոլ Գոտյեի համար:
Նախկին պարողը համագործակցել է հայտնի բազմաթիվ օծանելիքագործների հետ և բուրմունքներ ստեղծել այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշերի համար, ինչպիսիք են «Elie Saab»-ը, «Burberry»-ն, «Lancôme»-ը, «Giorgio Armani»-ն և «Nina Ricci»-ն: 2009-ին հիմնել է իր անունը կրող ապրանքանիշը:
52-ամյա Քուրքջյանը շեշտել է՝ չի սիրում, երբ օծանելիքի վարպետներին «քիթ» են անվանում:
«Պետք է հասկանալ, որ օծանելիքագործը ոչ թե ֆիզիկական գործ անող, այլ՝ գաղափար արտահայտող մեկն է, ինչպես երաժիշտը, որը սկզբում ստեղծագործում է իր գլխում, այնուհետև նվագում է իր նոտաները և դաշնամուրի վրա դասավորում իր ակորդները: Դա իսկական ստեղծագործական գործողություն է: Ես երբեք չեմ ստեղծագործում՝ ասելով ինքս ինձ՝ կդնեմ վարդ, վանիլ կամ այլ բույր։ Ես միշտ սկզբում գտնում եմ անունը, այնուհետեւ՝ այն զգացումը, որն ուղեկցում է: Հումքի գաղափարներն ավելի ուշ են գալիս»,-պատմել է Քուրքջյանը:
Ինձ համար մեծ պատիվ է միանալ ոգեշնչող պատմությամբ և ստեղծագործական ոգով վճռականորեն դեպի ապագա ձգտող օծանելիքի տանը՝ նշում է Քուրքջյանը։
«Ուրախ եմ, որ կկարողանամ փոխանցել իմ տեսլականը հոտավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար»,-պաշտոնի ստանձնման մասին հաղորդագրության մեջ նշել է նա:

Facebook
Twitter
Telegram
Print
Email