Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին անվանի հյուրեր, ժյուրիի անդամներ, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մշակութասեր հանրություն։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից:
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:
Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Հարգանքի տուրք կմատուցվի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։
Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 17-ին։
