Ազնավուրի հրապարակում կբացվի Հրանտ Մաթևոսյանի աստղը

Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ «Ոսկե Ծիրանի» ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային հրապարակի, կբացվի նաև Հրանտ Մաթևոսյանի աստղը:
Ինչպես տեղեկացնում են փառատոնի պաշտոնական կայքից Մաթևոսյանի միակ արվեստագետը չի լինի, ում անունով աստղ կբացվի այս տարի:
Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդհանուր առմամբ 5 պատվավոր աստղ կբացի։ Փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ընդգծում է՝ այս տարի տոնելու ենք Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Աղասի Այվազյանի 95, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները: Եվ հոբելյանների առթիվ կբացվեն այդ արվեստագետների աստղերը։

Կարեն Ավետիսյանը շեշտում է՝ փառատոնը կկայանա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը: Կազմակերպիչներն այս պահին միջոցառումներ են իրականացնում առցանց հարթակում։
«Որոշելով չկորցնել ավանդական փառատոնային հուլիսը՝ իրականացնելու ենք փառատոնի արտադրական և կրթական մասը՝ GAIFF Pro նախաձեռնությունը: Ինչպես և նախորդ տարիներին, ստացել ենք տարբեր երկրներից նախագծերի հայտեր և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջատար միջազգային փորձագետների հետ առցանց անցկացնելու GAIFF Pro հարթակի աշխատանքները»,-նշում է նա։
Կարեն Ավետիսյանը շեշտում է՝ խոշոր փառատոններից միայն երկուսին բախտ վիճակվեց 2020-ին նախորդել կորոնավիրուսին և անցկացվել կենդանի ձևաչափով: Խոսքը Ռոտերդամի և Բեռլինի միջազգային կինոփառատոնների մասին է: Եվ «Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչներն այս պահին բանակցում են այդ կինոփառատոններում ներկայացված ամենակարևոր ֆիլմերի երևանյան պրեմիերաները կազմակերպելու շուրջ: Ի դեպ, նոյեմբերին նաև փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի Տոնինո Գուերայի և Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյա հոբելյաններին։

Facebook
Twitter
Telegram
Print
Email