«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:
Բացման հանդիսավոր արարողությանը լուսաձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին:
Այնուհետև տեղի է ունեցել Խաղերի բացման մարզական շքերթը՝ մասնակից 41 երկրների 181 քաղաքների պատվիրակների մասնակցությամբ: Հատկանշական է՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերն առաջին անգամ հյուրընկալել են նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցներին:
Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառել է Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինչ այդ էլ Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոններ Իսրայել Միլիտոսյանը, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզական խաղերի մեկնարկի առթիվ. «Համահայկական մարզական խաղերի մեկնարկը կայացած է, այն հիանալի է, իսկ մասնակիցների թիվն էլ հետզհետե ավելանում է: Շնորհավորում եմ բոլորիս համայն հայության այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա, հիրավի, հրաշալի մարզական տոն է»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ նշել է՝ Համահայկական խաղերն այս 25 տարիների ընթացքում դարձել են միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝ այսօրվա և գալիք սերունդների համար։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: