«Ես երգելու եմ՝ ինչ էլ լինի» Համազգայինի վիդեոֆիլմը նվիրված Բուկովսկուն

Ամերիկացի հայտնի գրող, բանաստեղծ, «կեղտոտ ռեալիզմ»-ի ներկայացուցիչ Չարլզ Բուկովսկու 100-ամյակի կապակցությամբ,  Համազգային թատրոնը ներկայացրեց վիդեոֆիլմ «Ես երգելու եմ՝ ինչ էլ լինի»՝ հեղինակի ստեղծագործությունների հիման վրա: 
Քանի որ Համազգային թատրոնում, դեռ արտակարգ դրությունից առաջ, հայտարարված էր ամերիկյան տարի, իսկ օգոստոսի 16-ին նախատեսված էր ներկայացում նվիրել ամերիկացի գրողի 100-ամյակին, դեռ մարտ ամսին թատրոնը սկսել էր թարգմանությունների շարքը. թարգմանվում էին Բուկովսկու՝ հայ ընթերցողի համար բացառապես անհայտ գործեր: Հարկադրված արձակուրդի ընթացքում Համազգայինն, իհարկե, պարբերաբար ներկայացավ  հետաքրքիր նախագծերով, իսկ Բուկովսկուն նվիրված ներկայացումը փոխարինվեց ֆիլմով. ներառվեցին ինչպես հայտնի, այնպես թատրոնի կողմից թարգմանված գործերը:
Տեսաֆիլմի ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Նարեկ Բաղդասարյանը: Ֆիլմի նկարահանումներին, որն իրականցվել է «22 production»-ի հետ համատեղ, մասնակցել են հիմնականում թատրոնի երիտասարդ դերասանները:

Բուկովսկին ապստամբ-բանաստեղծի համբավ ուներ, ով ազնիվ ու առանց կեղծիքի գրում էր իր կյանքի մասին՝ առանց չափազանցությունների, ինչն էլ հենց գրավում էր նրա ընթերցողներին։
Նրան սիրում էին «ցածր դասի» մարդկանց կյանքի իրական նկարագրության համար՝ որպես առավելություն նշելով նրա անկեղծությունն ու պարզությունը։
Նրա աշխատանքները արտացոլում էին առօրյա կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով, ալկոհոլը, կանանց հետ ունեցած կապերը, գրելու գործընթացը, ծանր աշխատանքը …
Բուկովսկին գրել է հազարավոր բանաստեղծություններ, որոնք տպագրվել են երեսունից ավելի ժողովածուներում, երկու հարյուրից ավելի պատմվածքներ, որոնք հրատարակվել են տասնվեց ժողովածուներում, ինչպես նաև վեց վեպ:
Բուկովսկու ստեղծագործությունները մնում են արդիական նաև այսօր։

Facebook
Twitter
Telegram
Print
Email