Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

Այսօր՝ հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվել է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով:

Հոբելյանի առիթով Երևանի կենտրոնական գերեզմանատանը  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին: Ապա, Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցավ կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին հաջորդեց կոմպոզիտորի ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիր:
Միջոցառման ծրագրում ներառված էին Առնո Բաբաջանյան՝ «Վոկալիզ» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրն» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արմեն Պուչինյան), «Մեղեդի» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակում (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Հոբելյանական օրն այսքանով, իհարկե, չի սահմանափակվելու. Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին:
Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:

Facebook
Twitter
Telegram
Print
Email