Օտար հողում մեծացող փոքրիկին ամեն օր հիշեցնում են, որ ինքը հայ է

Նոր տիպի կորոնավիրուսը կամ արդեն հայտնի ձևակերպմամբ Covid 19-ը, որը տակնուվրա արեց բոլորիս կյանքը, շարունակում է մնալ տարվա գլխավոր «հեղափոխականը»:

Քաղաքական, մշկութային, կրթական ու հասարակական կյանքը դառնալով համացանցային, առաջ բերեց նոր միտում՝ հեռավար գործունեություն: Սա թույլ տվեց մարդկանց տանից աշխատել, կրթություն ստանալ սեփական երկրի սահմաններից դուրս, իսկ ամենահայտնի հարթակը դարձավ Zoom-ը:
Ռեժիսոր Մարի Մնացականյանը, ով 2016թ.-ից բնակություն է հաստատել Մոսկվայում, չէր էլ մտածում, որ մի օր հայրենիք վերադառնալը կլինի անհնար, իսկ իր «Գտնված երազը»՝ այդքան հայանպաստ:

«Երբ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո, տեղափոխվեցի Մոսկվա հիմնական բնակության, մտածում էի, որ ավարտվեց իմ կյանքում «հայկական» թատերական դեռ նոր սկսվող պատմությունը, բայց
ստացվեց մեկ այլ պատկեր. գտա Մոսկվայի Հայորդյաց տունը, ապա հայկական «Գավիթ» թատրոնը, սկսեցի տարբեր տարիքային թատերական խմբերի հետ աշխատել, հայերեն ներկայացումներ բեմադրել»,- պատմում է Մարի Մնացականյանը, ով ուսանողական տարիներին էլ հասցրել էր մասնագիտական լուրջ գործունեություն ծավալել:

Այս տարվա սկզբին, երբ համավարակը նոր-նոր գլուխ էր բարձրացնում, Մարին որոշեց իր թաքուն երազանքներից մեկն ի կատար ածել. ստեղծվեց իր երազանքների զարգացման կենտրոնը:
«Առանց երկար-բարակ մտածելու, իմ սիրելի մուլտֆիլմի անունը դարձավ կենտրոնի անուն և այն թաղամասում, որտեղ ապրում եմ՝ Красногорск. павшинская пойма-ում բացվեց «Գտնված երազ» հայկական զարգացման կենտրոնը»,-պատմում է ռեժիսորը ու հավելում,- «Ստացվեց, որ ես գտա իմ երազը. կենտրոնում կա 3 խումբ ՝ թատերական, մանկական ակումբ և հայոց լեզվի դասարան»:
Մարին նշում է՝ իր կենտրոնում խոսում, խաղում, երգում են հայերեն:

«Սովորում ենք լինել ՀԱՅ իսկական ընկերներ, սիրել ու սեր տալ միամյանց, ինչը շատ կարևոր է այս սառն ու անտարբեր քաղաքում»,- կարևորում է Մարին ու հավելում՝ ինքն ամպագոռգոռ հայտարարություններ անել չի սիրում,- «Նպատակը հայ մնալն է, հայ մանուկին ասել, որ ինքը հայ է։ Օտար հողում մեծացող փոքրիկին ամեն օր հիշեցնում են, որ ինքը հայ է: Գիտեք՝ ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում. ինձ դա ամեն օր չեն ասել, իսկ այստեղ ստացվում է, որ նրանք ապրում են հայրենասեր լինելու գիտակցությամբ։ Դե, թույլ տվեք մետաղադրամի հակառակ կողմի մասին լռել»:

«Գտնված երազ» հայկական զարգացման կենտրոնի տնօրենը մեծ պլաններ ուներ՝ ընդլայնելու հայ երեխաների զարգացմանը միտված կենտրոնի գործունեությունը, սակայն համավարակը փոխեց ամբողջ նախագիծը: Դասերը տեղափոխվեցին zoom հարթակ, իսկ նոր մտքերն, իհարկե, սպասեցնել չտվեցին:
«Հայրենիք գալ չէինք կարող, որոշեցինք ճամփորդել հեռավար ու այդպես ստեղծվեց «Փոքրիկները գիտելիքի հետքերով» հաղորդաշարը։ Քանի որ այդ խումբը միավորել էր նորին մեծություն թատրոնը, սկսեցինք շրջել թատրոններով»,- պատմում է Մարի Մնացականյանը, հավելելով, որ առցանց հանդիպումներ է ունենում սիրեի թատրոնների հետ, հետո պատրաստում է սցենարը, ապա միայն աշխատանք տանում փոքրիկ գործընկերների հետ:

«Մայրիկները դառնում են օպերատորներ ու ստացվում է, որ և՛ խոսում ենք հայերեն, և՛ նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, և՛ շփում է ստեղծվում օտար հողում ապրող հայ փոքրիկի ու հայ արվեստագետի միջև»,- եզրափակում է Մոսկվայում գործող «Գտնված երազ» հայկական զարգացման կենտրոնի հիմնադիր Մարի Մնացականյանը՝ հուսալով օր առաջ վերսկսել բնականոն գործունեությունը նաև հայրենիքում։

Facebook
Twitter
Telegram
Print
Email