Աշխարհի գավաթ․ Մալխաս Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև վճռորոշ գոտեմարտն ավարտվել է 1։1 հաշվով․ հունգարացի ըմբիշին հաղթանակը շնորհվել է վերջինը միավոր վաստակելու արդյունքում։ Նշենք, որ աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոնը մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին․ մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 6։0 հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին, քառորդ եզրափակչում 12։0 հաշվով առավելության է հասել մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում 7։0 հաշվով պարտության է մատնել թուրք Չենգիզ Արսլանին։
Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար պայքարում կամային հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Արտուր Պոլիտաևի նկատմամբ։ Առաջին մրցափուլում Գալստյանը 0:4 հաշվով զիջել է, սակայն երկրորդում նախ 2 միավոր է վաստակել, ապա տուշեով ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը։ Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 7։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Նունյեսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում վիճելի մրցավարական որոշումների արդյունքում Գալստյանը 4:7 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։ Նախքան Պոլիտաևի հետ մեդալային գոտեմարտը Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է պերուացի Նիլտոն Սոտոյին։
Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է ունեցել նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով, սակայն, 1։4 հաշվով պարտվել է սերբ Վիկտոր Նեմեշին։ Չալյանը պայքարը սկսել է որակավորման փուլից` 4։0 հաշվով հաղթելով լեհ Իվան Նիլիպյուկին: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը 4։2 հաշվով պարտության է մատնել իտալացի Մատեո Մաֆեցոլիին, իսկ քառորդ եզրափակչում 1։3 հաշվով զիջել է ռուս Ռոման Վլասովին։ Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, Չալյանը սփոփիչ գոտեմարտի է մասնակցել և 4։1 հաշվով հաղթել Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Այզելեին։
Նոյեմբերի 14-ին՝ մրցումային երրորդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Դավիթ Օվասափյանը և Արթուր Ալեքսանյանը։ Օլիմպիական և Եվրոպական խաղերի, Եվրոպայի առաջնության հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ և վիճահարույց մրցավարության արդյունքում պարտվել՝ 1։5։ 2019 թվականի աշխարհի չեմպիոն Եվլոևը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Արթուր Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։
Դավիթ Օվասափյանը (130 կգ) պայքարը սկսել է որակավորման փուլից՝ 3։1 հաշվով հաղթելով սերբ Բոբան Զիվանովիչին։ Քառորդ եզրափակչի՝ Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ակոստայի հետ գոտեմարտն Օվասափյանն ավարտել է 1։1 հաշվով․ վերջին միավորի առավելությամբ հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։ Կիսաեզրափակչում Օվասափյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմյոնովն էր, որին հայ ըմբիշը զիջել է 0։8 հաշվով։ Այսօր՝ երեկոյան, Օվասափյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Կուչմիյի հետ։
Հավելենք, որ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեդալային պայքարից դուրս են մնացել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):

Facebook
Twitter
Telegram
Print
Email