Հայաստանի ձյուդոյի ընտրանին սկսել է ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ձյուդոյի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում:
Ինչպես հայտնում է նախարարությունը՝ մինչ այս կայացել էր երկրի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող բացասաբար չազդել մարզիկների վրա, սակայն ներկա պայմանների համար առաջնության մակարդակից մարզիչը դժգոհ չէ.
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ընդհանուր առմամբ գոհ եմ առաջնության արդյունքներից: Խնդիրներից մեկն այն էր, որ մեծահասակների առաջնությանն ավելի շատ երիտասարդ մարզիկներ են մասնակցել: Հավաքականը ձևավորվելու է երիտասարդ մարզիկներով, ինչը նշանակում է՝ մեզ ծավալուն աշխատանք է սպասվում նրանց մեծահասակների մրցաշարերի նախապատրաստելու տեսանկյունից»:
Հովհաննես Դավթյանը նաև ընդգծում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց մարզաձևում կրկնակի է զգացվել, քանի որ տարվա ընթացքում հավաքականի ուսումնամարզական հավաքները նախատեսված էին արտերկրում և չեն կայացել: Փորձելով հնարավորինս լրացնել բացը՝ դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ հունվարից հավաքականը կմասնակցի մրցաշարերի:

Facebook
Twitter
Telegram
Print
Email