ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին, ասված է հայտարարության նախագծում, որը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ:
Խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «ՀՀ ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության 2020 սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի, հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վտանգի չեզոքացմանը»:
Պատգամավորները հայտարարությամբ ընդգծել են, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որը կհանգեցնի տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը, անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email