«Հայաստանի Ատլաս»-ը՝ ԱՊՀ Գրքարվեստ մրցույթի գրան պրիի հաղթող

Ամփոփվել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթը, որն այս տարի անցկացվում էր Մինսկում՝ հեռավար: Մրցույթը, որին մասնակցում էր ԱՊՀ վեց երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ներկայացրել էին գրքեր մրցանակային տասն անվանակարգում: Հայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով, որոնք մրցանակային տեղերի արժանացան:
Օգոստոսի 20-ի ամփոփման ժամանակ ժյուրիի միաձայն քվեարկությամբ, ամենապատվավոր Գրան պրի անվանակարգում հաղթող ճանաչվեց «Նահապետ» հրատարակչության կողմից ներկայացված Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս /Atlas of Armenia» գիրքը: Այն ստացել է նաև հատուկ մրցանակ «Գիտություն և Կրթություն» անվանակարգում, այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային գրադարանը:

«Այս տարվա մրցույթում սա միակ գիրքն էր, որը հաղթող ճանաչվեց միաժամանակ երկու անվանակարգերում: Ժյուրին բարձր գնահատեց թե՛ գրքի բարձր պոլիգրաֆիկ որակը, թե՛ աշխարհագրական լիարժեք ժամանակագրությունը, թե՛ մշակութային արժեքը, թե՛ այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է գրքի ստեղծման համար: Ժյուրիին հիացրեցին հատկապես գրքի՝ Հայաստանը կենդանի կերպով ներկայացնող նկարներն ու նկարազարդումները, որոնք արվել են բացառապես հեղինակի կողմից: Մեծ գնահատանքի արժանացավ նաև այն փաստը, որ քարտեզները մշակվել են քսան քարտեզագետների կողմից»,- նշում է Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Մարգարետ Ասլանյանը, որը նաև ժյուրիի անդամ էր: Մրցույթին ներկայացված մյուս երեք գրքերը տարբեր անվանակարգերում արժանացան երկրորդ պատվավոր տեղին:

«Անտարես հրատարկչության կողմից ներկայացված «Մաեստրո. Սերգեյ Փարաջանով» գիրք-ֆոտոալբոմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում: «Իմ երկիրը» անվանակարգում ներկայացված «Իմ Երևան» ֆոտոալբոմը նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքն էլ երկրորդ մրցանակի արժանացավ «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում: Բոլոր նշված անվանակարգերում տասը գիրք էր ներկայացված, հետևապես սա նույնպես պատվավոր հաղթանակ էր»,- նշում է Մարգարետ Ասլանյանը:

Մրցանակների պաշտոնական շնորհումը տեղի կունենա Մոսկվայի «Գրքի տոնավաճառ» ամենամյա փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email