ՀՀ-Ադրբեջան իրավական սահմանը վերջնական կարձանագրվի բանակցությունների արդյունքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը արձանագրված չէ, այն կհստակեցվի առաջիկայում սպասվող բանակցությունների արդյունքում. այս պահին ՀՀ-ի կողմից որևէ տարածք զիջված չէ և չի կարող լինել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին վստահեցրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե այս պահին ի՞նչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանագծման աշխատանքների մասով, մասնավորապես Տեղ համայնքում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

Տիգրան Ավինյանը նշել, որ այս պահին նախապատրաստվում են ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր սպասվելիք երկկողմ բանակցությունների համար, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ:
«Այս պահին դրությամբ կարող եմ ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ: Եվ մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,-ասաց Ավինյանը:
Ինչ վերաբերվում է փաստացի ԶՈՒ-ի տեղակայմանը՝ փոխվարչապետն ասաց, որ այս պահի դրությամբ՝ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տաբեր դիրքերում ունենք ԶՈՒ-ի ներկայացուցիչներ, և նրանց վերջնակայումները, և առհասարակ ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում:
«Ուզում եմ հստակ վստահեցնել, որ ՀՀ-ի սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող լինել: Այնուամենայնիվ, ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,-եզրափակեց Ավինյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email