Հայկական ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ ներկայացրեցին հայկական կինոազդագրերից վերատպված 18 կինոստիկերների  բացառիկ հավաքածուն։
Հանրությանն են ներկայացվել նաև «Բարև, ես եմ», «Հայրիկ», «Մկների ժողովը», «Սարոյան Եղբայրներ», «Կտոր մը երկինք», «Երջանկության մեխանիկան» և այլ հանրահայտ ֆիլմերի վերատպված կինոազդագրերը։

Ցուցադրության համար ընտրվել են հատուկ այն ֆիլմերի ազդագրերը, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հիթային ու հարազատ հայ հանրության համար։
Սեպտեմբերի 17-ին կայացած միջոցառման ընթացքում, ցուցադրվեցին նաև վերջերս նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքից գտնված հինգ հայկական կինոազդագրեր, որոնք վերականգնվել են Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ։

1960-80-ականներին տպագրված այս հրաշալի գրաֆիկական ազդագրերից պահպանվել են միայն եզակի նմուշներ, ուստի այս հավաքածուն հնարավորություն է ընձեռում լայն հանրությանը ավելի մոտիկից ծանոթանալու հայկական կինոազդագրի արվեստին և ձեռք բերելու դրանց որակյալ պատճենները։

Հիշյալ նախագծով մեկնարկում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Էպիգրաֆ» գրախանութի շարունակական գործակցությունը։ Առաջիկայում, նախատեսվում է կինոստիկերների նոր շարքի թողարկում, ազդագրերի մեծադիր վերատպություն, ինչպես նաև գունավորման պաստառների և պատկերազարդ ալբոմների տպագրություն երեխաների համար։

Facebook
Twitter
Telegram
Print
Email