ՀՀ ռազմական դրության մասին որոշումը լրացվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:
Որոշման մեջ նշվում է, որ նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:
Ինչպես նաև նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո՝ անմիջապես:

Facebook
Twitter
Telegram
Print
Email